Ռուսական «МОСЛЕНТА» կայքը, անդրադառնալով Ռուսաստանում մեծ տարածում ունեցող խառն ամուսնություններին, զրուցել է տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ կյանքը կապած մոսկվացիների հետ՝ փորձելով գտնել նման ընտրության դժվարություններն ու առավելությունները:
Կայքը ներկայացրել է նաև հայուհու և ռուսի ամուսնության պատմությունը: Մոսկվաբնակ հայուհի Լիդիան և իր ռուս ամուսինը՝ Արտյոմը, ծանոթացել են սոցցանցերի միջոցով: Լիդիան խոստովանել է, որ բացի իր ավելորդ զգացմունքայնությունից, որն ինքը պայմանավորում է իր գենետիկ առանձնահատկություններով, մտածողության մեջ լուրջ տարբերություններ չի նկատում:
«Թեև մի բան էլ կա. մեր հայկական ընտանիքը զգալիորեն ավելի մեծ է, քան Արտյոմինը: Մոտ 20 անգամ», — պատմել է Լիդիան:
Նրա խոսքով՝ ծնողները բավականին հանգիստ են արձագանքել իր ընտրությանը:
«Նրա համար, իհարկե, ինչ-որ պահի մի փոքր բարդ էր. ի վերջո, հայ հայրիկի հետ ծանոթությունը լուրջ սթրես է: Սակայն քանի որ Արտյոմը վճռական էր տրամադրված՝ այլ ելք առանձնապես չուներ», — պատմել է հայուհին:
Նա խոստովանել է, որ ամուսնուն սկզբում զարմացնում էին իր՝ աշխարհի տարբեր երկրներից ազգականների առատությունն ու աղմկոտ հավաքույթները: Լիդիան հիշել է, որ սկզբում Արտյոմը չէր հասկանում, թե ով ինչ է ասում, քանի որ բոլորը խոսում էին միաժամանակ, բարձր ու շատ զգացմունքային:
«Եվ, իհարկե, ամուսնուս համար դժվար էր ընդունել, որ հայ տղամարդիկ հաճախ ողջագուրվում են հանդիպման ժամանակ: Իսկ հարսանիքի ժամանակ Արտյոմը համբուրել է համարյա 250 հայի»,- վերհիշել է Լիդիան: