Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ մեղադրելով իրեն զրպարտելու մեջ։ Դատական հայցի առիթ է հանդիսացել ավագանու վերջին նիստին քաղաքապետին ուղղված իմ հարցադրումը տվյալ պոլիկլինիկայում առկա խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում կարծիք եմ հայտնել, որ Սամվել Սարգսյանն «աննախադեպ կոռուպցիոներ» է և շարունակում է ղեկավարել համայնքապատկան պոլիկլինիկան։ Կարծիքիս համար հիմք է հանդիսացել նախորդ տարի Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամներիս կողմից իրականացված ուսումնասիրությունները և բուժանձնակազմի կողմից տրամադրված տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, այն է պաշտոնեական լիազորություններն դիտավորությամբ անցնելը։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ս․ Սարգսյանի միջնորդությամբ դատարանն արգելանք է դրել իմ գույքի վրա 3 մլն դրամի չափով, ինչի հետևանքով բոլոր բանկային հաշիվներս սառեցված են և խնդիրներ են առաջացել ֆինանսական պարտավորություններիս կատարման հարցում։ Դատարանը գործը վարույթ է ընդունել բավականաչափ արագ և արգելանք է դրել գույքիս վրա հնարավոր առավելագույն չափով։ Ի դեպ, գույքի վրա կալանք դնելը դատավորի հայեցողությամբ է։ Իմ դեմ ուղղված դատական հայցի և արգելանքի մասին տեղեկացել եմ ոչ թե պաշտոնական ծանուցմամբ, այլ տեսնելով բանկային հաշիվներիս սառեցված լինելը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ անձի նկատմամբ քրեական գործի փաստերի բացահայտման հարցում առանցքային է եղել իմ մասնակցությունը, Ս․ Սարգսյանի կողմից այս քայլը գնահատում եմ որպես ճնշում կատարելու փորձ ավագանու անդամի գործունեության նկատմամբ, իսկ դատարանի որոշումը գույքիս նկատմամբ այդչափ մեծ արգելանք սահմանելու վերաբերյալ համարում եմ չհիմնավորված և վիճարկելի։ Տեղյակ եք, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միակն է, որը նախկին իշխանությունների կողմից հանձնվել է հավատարմագրային կառավարման և հավանաբար իներցիայով Ս․ Սարգսյանը կարծում է, որ կարող է անխոչընդոտ շարունակել իր պաշտոնավարումը նաև նոր իրավիճակում, իսկ մեր խմբակցության գործողությունները կաշկանդել այս դատական հայցով։ Ենթադրյալ այդ կարծիքին պատասխանում եմ՝ ՈՉ, որպես ավագանու անդամներ և այդ քրեական գործի շրջանակներում ցուցմունք տված անձինք հետամուտ ենք լինելու կոռուպցիայի և կոռուպցիոների բացահայտմանը և շարունակելու ենք պնդել, որ պոլիկլինիկան պետք է վերադարձվի համայնքին»։