Search
Close this search box.

«Կառավարությունը մատնված է անգործության». Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019-ի մարտի 5-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրված է ընդամենը 2 հարց, երկուսն էլ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ: Ի՞նչ է սա նշանակում:

Իշխանափոխությունից հետո Հայաստանի հասարակությունը լցված էր փոփոխությունների մեծ սպասումով, որոնց գերակշռող մասը պետք է արտացոլված լիներ նախորդ իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական կարգավորումներում արմատական փոփոխություններում: Այդ նպատակին հասնելու համար ձևավորվեց նոր կառավարություն, որը հանձն առավ սեղմ ժամկետներում իրականացնել օրենսդրական լայնածավալ փոփոխություններ՝ Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող կարևորագույն օրենքներում: Նշվեցին ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, հարկային օրենսգիրքը, նախատեսում էին փոխել ԲՈՒՀ-րի մասին օրենքը` կառավարման խորհուրդները պետական կառավարումից տարրանջատելու համար:

Այդ փոփոխությունները չարվեցին 6-րդ գումարման խորհրդարանում` հիմնավորելով դա խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չունենալու հանգամանքով: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր ընտրված խորհրդարանը նշանակեց վարչապետ և ձևավորեց կառավարություն, թեկուզ 1/3-ով, սակայն իրավիճակը դրանից չփոխվեց: Կառավարությունը մատնված է անգործության, չի մշակում և խորհրդարան չի ներկայացնում օրինագծեր, որոնց ընդունման դեպքում կբարելավվի տնտեսության վիճակը, կպարզեցվի հարկային վարչարարությունը, գործարարների համար կսահմանվեն խաղի հստակ, հասկանալի և ընդունելի կանոններ:

Կարելի՞ է արդյոք փաստել, որ նոր կառավարությունը չունի բարեփոխումների հստակ տեսլական և հայեցակարգ, թե՞, այնուամենայնիվ, նախորդ իշխանությունից ժառանգություն մնացած օրենսդրական համակարգը բավարարում է ներկայիս իշխանություններին և փոխելու առանձնապես շատ բան չկա: Այդ դեպքում ինչի՞ համար է հարկատուների հաշվին պահվում 132 հոգանոց խորհրդարան, նրանց վճարվում աշխատավարձ, կազմակերպվում գործուղումներ, տրամադրվում ծառայողական մեքենաներ, գործավարներ, օգնականներ, պահվում և պահպանվում է հսկայական աշխատակազմ»:

Please enter a valid URL