Search
Close this search box.

«Բ․ 26-ի թողտվությամբ ֆինանսավորվել են միայն այն ուժերն ու նախաձեռնությունները, որոնք խաղացել են նախագահների թելադրած խաղի կանոններով». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Գաղտնազերծումների» արդյունքում պարզվեց, որ ՀՀԿ-ականների ու նախկին իշխանության մաս կազմած մարդկանց մի զգալի մասն էլ բավականին մեծ դրամաշնորհներ են ստացել, այդ թվում նաև՝ «Սորոսի» հիմնադրամից։ Փաստորեն ՀՀԿ-ի արբանյակներն ամսիներ շարունակ դրամաշնորհներ ստացած մարդկանց լրտես ու դավաճան են դարձնում, բայց բանից պարզվում է, որ իրենց նախկին ու ներկա զինակիցներն էլ ոչ պակաս «գրանտակերներ են»։ Ի՞նչ է սա՝ պարզունակ երեսպաշտությո՞ւն, թե՞ տխմարության բարդ դրսևորում։ Անկեղծ ասած, ես դրամաշնորհի կամ էլ գրանտի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Երևույթն այդ ավելի քան օրինաչափ է, նույնիսկ քաղաքական պատճառներն են հայտնի (կարելի է առանձին հոդվածով խոսել դրանց մասին)։ Երբ ամբողջ կապիտալը հայտնվում է մի խումբ մարդկանց վերահսկողության ներքո, իսկ գործարարներին էլ արգելվում է ֆինանսավորել ընդդիմադիրներին, բնական է, որ քաղաքական համակարգի ու քաղաքացիական հասարակության մի զգալի հատվածն էլ պետք է գոյության ու շարունակականության այլընտրանքային ելքեր որոնի։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում արդյոք եղե՞լ են ֆինանսական այլընտրանքներ։ Իհարկե ո՛չ, չեն եղել և այս համատեքստում ընդդիմությունն ու քաղհասարակությունը պարտադրված կերպով այլընտրանքը գտել են հենց արտաքին աշխարհում։ Այսինքն՝ դրամաշնորհների այս չափազանց մեծ ծավալների առաջնային մեղավորները նախկին իշխանություններն են։ Քոչարյանն ու Սարգսյանը հանրային բոլոր ռեսուրսներն ու ֆինանսները կենտրոնացրել էին իրենց ձեռքում՝ ընդդիմությանն ու քաղհասարակությանը թողնելով առանց կոպեկի։

Բ․ 26-ի թողտվությամբ ֆինանսավորվել են միայն այն ուժերն ու նախաձեռնությունները, որոնք խաղացել են նախագահների թելադրած խաղի կանոններով, եղել են վերահսկելի ու կառավարելի։ Այսպիսի պայմաններում բնական է, որ ռեժիմի վերահսկողությունից դուրս գտնվողները պետք է ռեսուրսներ փնտրեին։ Ու գտել են, բա ի՞նչ անեին, ոչնչանայի՞ն, թե՞ դառնային Բ․ 26-ի հաճախորդները։ Եթե պետությունն իսկապես մտահոգված է օտարերկրյա դրամաշնորհներով, ապա թո՛ղ անկախ հիմնադրամներ ստեղծի, որոնց ներգործության միջոցով հանրությունը հնարավորություն կստանա ֆինանսավորել իր նախընտրած քաղաքական ուժերին ու հատկապես քաղաքացիական հասարակությանը։ Այս պարագայում պետք է ստեղծվեն այնպիսի ինստիտուտներ ու մեխանիզմներ, որոնք կբացառեն կառավարող ուժի միջամտությունը հիմնադրամների անկաշկանդ գործունեությանը։ Հա ինչո՞ւ ոչ, օտարերկրյա հիմնադրամների հետ զուգընթաց, թո՛ղ համանման գործառույթ ստանձնի նաև պետությունը։ Ավելին՝ առաջին հերթին դա հենց պետությունը պետք է անի։ Վերջապես մարդիկ հնարավորություն կստանան ֆինասնավորել իրենց համար չափազանց մեծ ծառայություններ մատուցող քաղհասարակությանը՝ իրավապաշտպաններին, փաստաբաններին, բնապահպաններին, սոցիոլոգներին, տարատեսակ ոլորտներ հետազոտողներին և այսպես շարունակ։ Խոսակցությունը կես կատակ կես լուրջ տրամաբանությամբ տեղափոխենք անձնական տիրույթ։ Դրամաշնորհների բոլոր հրապարակված ցանկերում իմ անունը բացակայում էր, բայց, ինչպես հիշում եք, ինձ ամենաշատն էին մեղադրում գրանտներ ստանալու մեջ։ Նորից եմ կրկնում՝ դրամաշնորհ ստանալու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց ես երբեք ո՛չ ստացել եմ և ո՛չ էլ ստանալու ձևերը գիտեմ։ Հիմա հարց՝ ինձ «գրանտակեր» ասողներն ու նմանատիպ մահացու մեղքերի մեջ մեղադրողները բուժվող իդիոտներ են, թե՞ անբուժելի։ Ի դեպ՝ գրանտների այս տխմար թեման Հայաստան է ներթափանցել Ռուսաստանից։ Դե բնական է՝ մենք Ռուսաստանից չենք կարող որևէ դրական բան սովորել, ինչպես միշտ պետք յուրացնենք բովանդակային ամենաներքևի քերանքը, ամենաստորը, տգեղը, անմարդկայինը․․․»:

Please enter a valid URL