Search
Close this search box.

Լենա Նազարյանի հերթական խեղկատակությունը ԱԺ-ում

Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին փայլատակել է իր շատերից տարբերվող գրագիտությամբ և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղել մի կին զինծառայողի վերաբերյալ, որը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, իսկ պաշտպանության նախարարի պատասխանը լսելուց հետո էլ պարոն Տոնոյանին հիշեցրել է, որ “կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն”:

Վայ, ինչ լավ է, որ ԱԺ-ում կա տիկին Նազարյանը, ով իր կոլեգաներին մարդկանց ֆիզիոլոգիայից մանրամասներ է բացատրում և հիշեցնում է, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, երեխա ունենալու առանձնահատկություն ունեն: Ինչ լավ է, որ տիկին Նազարյանը դա ասաց, թե չէ այդ մասին ոչ ոք չգիտեր և չէր կռահում, հատկապես պաշտպանության նախարարը: Տիկին Նազարյանի այս բացահայտումից կարող եմ ենթադրել, որ նա մինչև հիմա այդ մասին չգիտեր: Ի՜նչ հայտնագործություն է արել ԱԺ փոխխոսնակը: Կարող է ազգովի սույն տիկնոջը ներկայացնենք Նոբելյան մրցանակի՝ դարակազմիկ բացահայտման համար:

Խորհուրդ կտամ տիկին Նազարյանին “Ո՞վ կարող է երեխա ունենալ: Կինը՞, թե տղամարդը՞” հարցն ուղղել “Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ” հեռուստախաղի մասնակիցներին և հուսալ, որ ինտելեկտուալների թիմը սխալ կպատասխանի:
Իսկ եթե լուրջ՝ սա արդեն խեղկատակություն է: Շատ տխուր է այս ԱԺ-ի պատկերը: Ինչպես կասեր նախկին գումարման ԱԺ-ների “դասականներից” մեկը՝”Ախչիկ ջան, խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես: ” Ես խորհուրդ կտամ լսել “դասականին” և լռել:

Որքան կռահում եմ, նախկին “մաեստրո” Գալուստ Գրիգորիչի դափնիները հանգիստ չեն տալիս “մաեստրոուհի” Լենա Նազարյանին: Այս տեմպերով եթե շարունակվի, նա շատ կարճ ժամանակահատվածում կհասնի և կանցնի ԱԺ նախկին նախագահին և “գալուստիվիզմները” կփոխարինենք “լենանիզմներով”:

Քանի որ տիկին Նազարյանը անցել է “տաֆտալոգիայի”, նրան այդ իսկ ոճով հիշեցնեմ,  որ ՀՀ հպարտ քաղաքացին գտնում է,  որ “Լավ է ապրել կուշտ և առողջ, քան հիվանդ և սոված”:

Հարգելի ԱԺ փոխխոսնակը, հուսամ, չի մոռացել, թե ինչու Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը. կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիան և օրգանիզմների հնարավորությունների մասին գիտեն ՀՀ գրթե բոլոր չափահաս, և, նույնիսկ, շատ անչափահասները, իսկ այ “կուշտ և առողջ” ապրելու մասին մի փոքր էլ պետք է մտածի գործող իշխանությունը:

Հ.Գ. Հավելեմ, որ որոշ ժամանակ առաջ սույն տիկինը իր ՔՊ-ական գործընկերների ճոխ հավելավճարները մեկնաբանելիս ուրիշ բան չհնարելով հայտարարել էր, որ վերջիններս իրենց և հարազատ շրջապատներին ինքնապարգևատրել են իներցիայով:

 

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL