Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փոխանակելու առաջարկ հնչել է, սակայն փոխանակման համար Հայաստանում չկան նույն կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ: Այնուամենայնիվ Հայաստանի կառավարությունը օգտագործում է դիվանագիտական, քաղաքական բոլոր միջոցները՝ նրան վերադարձնելու համար:
ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին:
Արտակ Զեյնալյանը ուշադրություն հրավիրեց տերմինոլոգիայի վրա: «Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված: Շատ էական տարբերություն կա: ՀՀ կառավարությունն օգտագործում է բոլոր դիվանագիտական ու հումանիտար գործիքներն ու միջոցները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքը երաշխավորվի: Միևնույն ժամանակ, ամեն ինչ արվում է նրան Հայաստան վերադարձնելու համար: Նաև փոխանակման առաջարկ է եղել, բայց ՀՀ-ում չկան նույն կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ, որ Հայաստանն այդ փոխանակումն իրականացնի»,-ասաց Զեյնալյանը:
Նա շեշտեց` Ղազարյանն ապօրինաբար է գտնվում անազատության մեջ: Այն, ինչ վերագրվում է նրան, չի համապատասխանում իրականությանը: Նախարարը վստահեցրեց` ՀՀ կառավարությունն օգտագործում է դիվանագիտական, սոցիալական, հումանիտար, քաղաքական բոլոր միջոցները, որպեսզի քաղաքացուն կարողանա վերադարձնել Հայաստան:
Նա նաև տեղեկացրեց, որ Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել, պահանջել են հրատապ միջոց կիրառել: Հիմա այդ գանգատը քննվում է, և Հայաստանին անպայման կծանուցվի ու Հայաստանը կներգրավվի որպես երրորդ կողմ:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։