ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններին ու Բաքվի արձագանքին. «Կան գնահատականներ, որ ՀՀ-ն Ղարաբաղի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց կարող եմ ասել, որ մեր կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Ամենասկզբից ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք: Դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում այս ամբիոնից հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չի, բայց ինչի՞ համար է արվել: Սա արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար ու ՀՀ-ն արել է առաջին քայլն այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև Ադրբեջանից, բայց մինչև այժմ նրանց կողմից համանման հայտարարություններ չեն հնչել: Հակառակը՝ ակնարկներ են արվում հարցերը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: