Search
Close this search box.

«Տրոյկա Դիալոգ»-ը միշտ թափանցիկ է գործել․ Ռուբեն Վարդանյանը հերքում է իր մասնակցությամբ փողերի լվացումը

«Տրոյկա Դիալոգ»-ը միշտ գործել է «թափանցիկության և ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդատներին համապատասխան»։ Այս մասին հայտարարել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գրասենյակը՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և գործընկեր լրատվամիջոցներ մի շարք հրապարակումներից հետո։

Հայտարարությունում ընդգծվում է, որ 2012-ին «Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ «Սբերբանկ»-ին վաճառվելուց հետո Ռուբեն Վարդանյանը մեծ ռեսուրսներ և ժամանակ է ներդրել մարդասիրական գործունեությունան ոլորտում։

«Վարդանյան ընտանիքը իր կարողությունների մեծ մասը բարեգործական նախագծերում ներդնելու պարտավորություն է ստանձնել դեռ 2000-ականների կեսերին», – հայտարարել է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։

OCCRP-ի հաղորդման համաձայն՝ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը կոռուպցիոն համակարգերի միջոցով շուրջ 9 միլիարդ դոլար է լվացել։

«Տրոյկա լվացքատունը», ինչպես բանկն անվանում են հետաքննող լրագրողները, տարիներ շարունակ հանցավոր կազմակերպությունների հետ կապ ունեցող, կոռումպացված անձանց հարկերից խուսափելու և ունեցվածքը թաքցնելու հնարավորություն է ընձեռել։ Բանկում գործող մեխանիզմները ռուսաստանցի քաղաքական գործիչներին և գործարարներին թույլ են տվել գաղտնի մասնաբաժին ձեռք բերել պետական ընկերություններում և անշարժ գույք՝ արտասահմանում: Ըստ լրագրողների՝ այդ անձանց շարքում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ընկերը ջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, որը համարվում է ռուսաստանցի ամենահարուստ մարդկանցից է և որի անունը կապվում է խոշոր կոռուպցիոն գործարքների հետ:

Նշվում է նաև, որ «Տրոյկա Դիալոգ»-ը 2000-ականների կեսերին ստեղծել է առնվազն 75 օֆշորային ընկերություն, որոնք հաշիվներ են բացել, մասնավորապես, լիտվական Ukio բանկում, և այդ հաշիվների միջոցով կեղծ գործարքներ կնքել` այդպիսով օրինականացնելով միլիոնավոր դոլարներ:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել այդ մեքենայությունների մասին։ Վարդանյանն ասել է, որ ինքը հրեշտակ չէ, բայց միշտ ներքին զսպվածություն է ունեցել։ Նա պնդել է, որն ինքը կոմֆորմիստ է՝ հավելելով, որ երբեք բանկային աճուրդների չի մասնակցել, հանցագործների հետ չի համագործակցել, ինչպես նաև որևէ քաղաքական կուսակցության չի անդամակցել։

Please enter a valid URL