ԱԺ-ն քննարկեց և 101 կողմ ձայնով ընդունեց ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող, ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագիծը միտված է հնարավորություն տալու այն քաղաքացիներին, ում 27 տարին լրացել է, և նրանք զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք՝ ազատվելով քրեական հետապնդումից ու դրա համար վճարելով օրենքով սահմանված գումարները:
«Բաց թողած ամեն զինակոչի համար օրենքով սահմանված տուգանքը սահմանված է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»,- ասաց նա:
Գորգիսյանը նշեց, որ նախկին կարգավորմամբ այս ժամանակահատվածը սահմանված էր մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: «27 տարին լրացած քաղաքացիների համար նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել մինչև այս թվականի մարտի 1-ը: Հանձնաժողովում առաջարկ եղավ ավելի երկարաձգել ժամկետը, բայց քանի որ ավանդաբար նախագիծն ունեցել է համաներման տրամաբանություն, հետևաբար, պայմանավորվեցինք փոխել մարտի մեկով: Հանձնաժողովն իր դրական եզրակացությունն է տվել նախագծին: Կոչ եմ անում դրական քվեարկել և ընդունել նախագիծը՝ թույլ տալով մեր քաղաքացիներին, ովքեր սպասում են այս նախագծի ընդունմանը, վերադառնալ հայրենիք»,- ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հետաքրքրվեց` արդյոք սա կարող է նշանակել, որ հնարավոր է նորից այսպիսի նախագիծ մտնի Ազգային ժողով, թե կա համապարփակ լուծում:
Գորգիսյանը նշեց, որ միանշանակ պահանջվում է համապարփակ լուծում, որովհետև 2009 թվականից այս ժամկետն անընդհատ հետաձգվում է: