Մարտի 3–ին բրիտանական Rolls-Royce ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է թուրքական Kale ընկերության հետ համատեղ շարժիչ արտադրել թուրքական արտադրության 5-րդ սերնդի առաջին TF-X (Turkish Fighter X) կործանիչի համար, պատճառաբանելով, որ չի ցանկանում այդ ընկերության հետ կիսել իր «գիտելիքները», ինչպես նաև դեմ է թուրք–կատարական BMC ընկերության ներգրավվածությանն այս նախագծում։
Տեղեկությունը ամերիկյան Reuters գործակալության հետ հաստատել էբրիտանական ընկերության մամուլի խոսնակը, իսկ թուրքական ընկերությունից գործակալությունը պատասխան չի ստացել։ Rolls-Royce–ից հայտարարել են, որ խնդիրը երկու ընկերությունների միջև սկսել է դեռ անցած տարի։
Հիշեցնենք, որ բրիտանական ու թուրքական ընկերությունները կործանիչի շարժիչի ստեղծման համար պայմանագիր են կնքել 2017թ. մայիսի 8–ին։ Նախատեսվում էր, որ երկու ընկերությունները համատեղ ձեռնարկություն են բացելու, որն էլ հենց զբաղվելու է թուրքական տեղական արտադրության կործանիչների շարժիչների արտադրությամբ: Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանելու էր թուրքական, իսկ 49 տոկոսը՝ բրիտանական ընկերությանը: Այս համատեղ ձեռնարկության հետ շարժիչի ստեղծման համար մրցում էր TAI ընկերության շարժիչաշինական ընկերությունը (TEI)։
Մարտի 2–ին Թուրքիայի փոխնախագահը հայտարարել էր, որ կործանիչը պատրաստ կլինի 2023թ., առաջին թռիչքը նախատեսվում է՝ 2026թ., իսկ շահագործման կհանձնվի՝ 2031թ.։ Այս ինքնաթիռի մշակմամբ զբաղվում են թուրքական ավիաշինական (TAI) և բրիտանական BAE ընկերությունները։
Հավելենք, որ բրիտանական Rolls-Royce ընկերությունը փետրվարի 28–ին էլ հայտարարել էր, որ հրաժարվում է նաև ամերիկյան Boeing ընկերության արտադրության միջին դասի (NMA) ինքնաթիռի շարժիչի արտադրությունից, պատճառաբանելով, որ վստահ չէ, թե կհասցնի սահմանված ժամկետներում իրականացնել ամբողջ աշխատանքը։