ArmLife.am-ի խմբագրությանը դիմած քաղաքացին պատմել է, թե ինչպես է ծանոթացել «Մեկ կտուրի տակ» ծրագրին. «Ես աշնանը իմացա, որ նման ծրագիր կա, գնացի իրենց գրասենյակ, գրանցեցին՝ առանց անձնագրի, միայն հեռախոսահամար ուզեցին ՝ ասելով՝ ով կտա կանխավճար, առաջինը կապահովենք բնակարանով: Ես ասացի, որ ունեմ 5 հազար դոլար: Հաջորդ օրը զանգեցին և կանչեցին գրասենյակ՝ ասելով, որ պետք է վճարեմ 2000 հազար դրամ ՝ կադաստր մտնելու համար, 5000 դոլար՝ հողը իմ անունով սեփականաշնորհելու համար և 40 օրից կունենամ բնակարանը»:
Քաղաքացին որոշ ժամանակ անց սոցհարցման համար վճարել է 2000 դրամը, ձեռք բերել բանկային հաշվեհամար, սակայն հասկանալով, որ խաբվում է՝ գրասենյակի աշխատողներին պատասխանել է, որ չի վճարի գումարը՝ մինչև չտեսնի, որ որևէ մի ընտանիք ստացել է բնակարան. «Ինձ կոպիտ պատասխանեցին՝ դե սպասիր հերթիդ ու անջատեցին հեռախոսը: Այնուհետև, մեկ ամսից զանգեցին ասելով՝ դուք առաջին պլանում եք, շտապ բերեք ձեր կանխավճարը, որ տունը տանք, ես նույնը պատասխանեցի ու անջատեցի հեռախոսը»:
Խմբագրությանը դիմած քաղաքացին նշում է, որ մամուլից է տեղեկացել ծրագրի մութ կողմերին և ավելի են փարատվել իր կասկածները, որ գործ ունի խաբեության հետ. «Ի դեպ, ես այդ գրասենյակ եմ գնացել իմ ընկերոջ հետ: Նա կանխավճար չուներ ու իրեն ոչ մի անգամ չեն զանգահարել տան համար»,-նշում է քաղաքացին՝ ընդգծելով, որ նախ ժամանակ է կորցրել գնալ-գալով. «Երկրորդ՝ խաբելով գումար վերցնելը, չնայած, որ 2000 դրամը արժեք չունի, ամեն դեպքում, դրանից վատ բան չկա, որ հույսով անեն ու խաբեն, դա ամենամեծ հիասթափությունն է»,-նշեց նա:
ArmLife.am