Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան տարեդարձն է: Մարդ, ում բնությունն օժտել է բազում տաղանդներով ու արտոնել լինել իր ժամանակի դիմանկարը, դառնալ խորհրդանիշը մի ամբողջ սերնդի տրամադրությունների, մտածողության ու արժեհամակարգի:
Սիրելի՛ Արթուր Մեսչյան, Armlife.am կայքը շնորհավորում է ծննդյանդ տարեդարձը, բարին ընդ Ձեզ
Արթուր Մեսչյանը միանգամից ու յուրովի մտավ մեր երաժշտական իրականություն, մեր գիտակցության մեջ: Հեռավոր 60-ականներին, երբ իրական ու ճշմարիտ զարթոնք էր ապրում երկիրը, Արթուրը եկավ որպես հայտնություն, բերեց երգի մի նոր տեսակ՝ ջղային, զայրացած, միաժամանակ՝ զգացմունքային ու տաք… Ժամանակի համար նորություն էր այն կերպարը, որը հաստատվեց ու ձևավորվեց՝ մեզ նույնպես կապելով արևմտյան երգարվեստում տեղի ունեցող փոփոխություններին: Աշխարհում սկսվել էր լիվերպուլյան պատանիների՝ «Բիթլզների» ժամանակաշրջանը, շատերի սրտերն էին գերում բրիտանացի երգիչները, ովքեր իսկական հեղափոխություն բերեցին պոպ երաժշտության ասպարեզում: Հայաստանում էլ ծնունդ առավ Արթուր Մեսչյանի ժամանակը, որի սկիզբը դրվեց «Ուր էիր Աստված» երգով: Սա նորություն էր, սա ավերում էր ժամանակակից երգի մասին պատկերացումները, ստեղծում բալլադային մոտեցումներ: Հայաստանում մի ողջ սերունդ փոթորկվեց, մի ողջ սերունդ հասկացավ, որ երգը նաև դառնում է ուրույն բողոքի արտահայտություն, մարդու և աշխարհի միջև ձևավորված հակասությունների դրսևորում: Այս երգին հաջորդեցին նորերը… Շուտով նաև ձևավորվեց «Առաքյալներ» նվագերգական համույթը, որը գործեց որպես պոլիտեխնիկական ինստիտուտի երիտասարդական կոլեկտիվ: «Առաքյալներ» անունը հիմնովին արդարացնում էր գեղարվեստական այն նպատակադրումները, որոնք ընկած էին Արթուր Մեսչյանի և նրա ընկերների ստեղծած երաժշտության հիմքում: Արդեն 1970-ականներին «Առաքյալները» մեծ ընդունելության արժանացավ, երիտասարդությունը սկսեց ապրել այն բռնկումներն ու պոռթկումները, որոնք հաստատում էին երևանյան այս երիտասարդները, որոնք, իհարկե, չկարողացան հասնել լիվերպուլյան պատանիներին, որովհետև այլ էին պայմանները: Խորհրդային գրաքննությունը մահակի նման կախված էր արվեստում նոր դրսևորումների վրա, ամեն մի ընդվզում դիտվում էր որպես իշխանություններին վարկաբեկող իրողություն: Արգելեցին, ճզմեցին «Առաքյալների» ելույթները, սակայն անհնար էր մարդկանց գիտակցությունից հանել Արթուր Մեսչյանի անունը: Առաջիններից մեկը՝ «Ավանգարդ» թերթը գրեց Արթուր Մեսչյանի մասին: Կոմերիտմիության կենտկոմում միտումնաբար լռեցին՝ կարծես չտեսնելու տալով: Այստեղ գիտեին, որ Արթուր Մեսչյանը դարձել է երիտասարդների սրտերի տիրակալը, իրենով ձևավորել մի ողջ գեղարվեստական մթնոլորտ: Մի քանի տարի շարունակ տարբեր բեմերից հնչեցին Արթուր Մեսչյանի երգերը, որոնք նաև դարձան երիտասարդական հավաքների յուրօրինակ խորհրդանիշերը: Ինքը՝ երգիչ-երգաստեղծը, մասնագիտությամբ ճարտարապետ է, ուստի երգը նրա համար ինքնարտահայտման միջոց ու կերպ էր, իսկ գլխավոր զբաղմունքը ճարտարապետական նախագծերի ստեղծումն էր: Հրաշալի գիտենալով մեր ժողովրդի պատմությունը՝ Արթուր Մեսչյանը հայացք հառեց ազգային դասական ճարտարապետությանը, վերականգնեց շատ ավանդույթներ: Նրա համար ճարտարապետությունը նույնպես երգ էր, հոգու ստեղծագործություն:
Բայց եկավ ժամանակ, երբ նա հեռացավ Հայաստանից: Նրան շատերն այլախոհ էին կարծում, չնայած ճշմարիտ զգացողություններ արտահայտելը բնավ էլ այլախոհություն չէր: Այդպես էին որակում բոլոր նրանց, ովքեր գնում էին դեպի ազատությունը, ովքեր փորձում էին ընդլայնել անհատի հուզաշխարհը, այնտեղից դուրս բերել այն անհանգիստ-պրկուն տրամադրությունները, որոնք դարի ծնունդն էին: Անհանգիստ ու տագնապներով լի դարի, ատոմային ռումբ փորձարկած դարի… Արթուր Մեսչյանը հայտնվեց Լոս Անջելեսում, ուր արդեն նա ունեցավ մեծ հաջողություններ: Նրա ստեղծած նոր նվագերգական համույթը թողարկեց չորս սկավառակ, համերգներ տեղի ունեցան ամերիկյան բազմաթիվ քաղաքներում: Հետո՝ նորից Հայաստան: Հայ մարդն ուր էլ գնա՝ վերադառնում է իր ակունքներին, իր սկզբին: Արթուր Մեսչյանն էլ վերադարձավ և ձեռնամուխ եղավ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր շենքի նախագծմանը: Սա հոյաշեն մի կառույց է, որը հիշեցնում է մեր միջնադարյան վանքերը, տանում դեպի Նարեկացու և Շնորհալու աշխարհ, մագաղաթների մեջ պահված խոսուն լռությունը: Այս կառույցը կարծես մեսչյանական երգի շարունակությունն էր՝ բազմաշերտ ու բազմաստեղն… Ճարտարապետը արժանացավ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, սակայն մեծագույն պարգևն ինքն իրեն էր արել՝ ստեղծելով նոր երգաշարեր, Մատենադարանի շենքը դարձնելով մեր գոյության ճանապարհին ստեղծված մեծագույն գեղարվեստական հանգրվաններից մեկը:
Արթուր Մեսչյանի կենսագրությունը տեղադրված է համացանցում: Դա մանրամասն շարադրանք է, որը ներկայացնում է նրա գործունեության ամեն մի շրջանն ու ոլորտը: Սկզբում որոշեցինք նոր հոդված չգրել, այլ ընթերցողին ներկայացնել այդ ամենը, սակայն Արթուր Մեսչյանի անձը կաղապարներ չի ընդունում, չի հաշտվում սոսկ պաշտոնական թվարկումների հետ: Ազատ երգը ազատ թռիչք ու ազատ սավառնում է պահանջում: Առանձնակի վերաբերմունք է պահանջում…
Գուցե մի քիչ չոր ստացվեց այս ամենը: Գուցե նմանվեց սովորական քրոնիկոնի, սակայն Արթուր Մեսչյանն՝ իր անցած ճանապարհի մեջ: