Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում:
Առաջին գանգատը հոդացավն է, որոշ դեպքերում այտուցը եւ շարժումների սահմանափակումը ինչպես ծայրամասային հոդերում, այնպես էլ ողնաշարում: Հոդի ձևախախտումը և հաշմանդամության զարգացումը կարելի է կանխել, եթե բուժումը սկսվի հիվանդության զարգացման վաղ շրջանում: Այս տեսակետն է միշտ պնդում բժիշկ-ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վալենտինա Վարդանյանը և հիվանդների հետ շփումներում, և դասավանդելիս:Նա դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, «Մուրացան» հիվանդանոցայինհամալիրի թերապիայի բաժանմունքի ռևմատոլոգն է, ունի պացիենտների կայուն հոսք:
«Եթե հոդերը ժամանակին չբուժվեն , ամեն սրացման հետ կախտահարվեն նոր հոդեր ու կառաջանան անդառնալի փոփոխություններ, որոնք բուժել մենք անկարող կլինենք ու կզարգանա հաշմանդամություն: Ռեւմատոլոգիական հիվանդություններից շատերը համակարգային հիվանդություններ են, և դրանք անտեսելու դեպքում կարող է զարգանալ ներքին օրգանների, օրինակ, երիկամների, սրտի, ուղեղի, թոքերի ախտահարում: Կարող են առաջանալ նաև կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ»,- այս կարգի խնդիրներ ունեցողներին հուշում է մասնագետ Վալենտինա Վարդանյանը:
Հոդերի դեգերատիվ հիվանդությունները, օրինակ,օստեոարթրիտը, ավելի հաճախ զարգանում են 50-ն անց մարդկանց մոտ, հիվանդության թիրախում մեծամասամբ կանայք են:
Պացիենտ և ընկեր
Ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանը նշում է, որ Հայաստանում եւ արտերկրում բուժման եղանակները տարբեր չեն: Միգուցե Հայաստանում ռևմատոլոգները շատ չեն, բայց կարողանում են հետևել աշխարհում բժշկագիտության զարգացման ռիթմին, վերապատրաստումների, կոնֆերանսների են գնում, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցում: Բուժման ընթացքում էլ առաջնորդվում են Եվրոպական կամ ամերիկյան առողջապահական ուղեցույցներով: Արտերկրի հետ տարբերությունը, սակայն, դեղորայքի օգտագործման մեջ է:
«Եթե սինթետիկ դեղամիջոցները չեն օգնում որոշակի հիվանդությունների համար, անհրաժեշտ է նշանակել բիոլոգիական դեղամիջոցներ: Դրանք ստացվում են գենային ինժեներիայի միջոցով եւ չափազանց արդյունավետ են, որոնց շնորհիվ ռևմատոլոգիան բավականին առաջ է գնացել վերջին 10-15 տարիների ընթացքում։ Արդյունավետ են, սակայն բավականին թանկ արժեն: Եվրոպայում կամ Ամերիկայում կենսաբանական թիրախային այդ դեղամիջոցները կամ մտնում են առողջապահական ապահովագրության մեջ, կամ հիվանդներին անվճար տրվում են պետության կողմից: Հայաստանում այդ դեղամիջոցները չեն ընդգրկվել պարտադիր դեղամիջոցների ցանկում: Հիվանդը հիմնականում ի վիճակի չի գնել, քանի որ մեկ ինֆուզիայի արժեքը կարող է լինել 1500 դոլար»,- տարբերություններն ու նմանությունները ներկայացնում է բժշկուհին:
Վալենտինա Վարդանյանին փորձը բերել է այն համոզման, որ բացի դեղորայքային բուժումից, քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է նաև հոգեբանական աջակցություն։ Հայաստանում այդ օղակը պակասում է, չկան ֆորումներ, հիվանդների համար նախատեսված հատուկ խմբեր՝ ընդհանուր հարթակ, որտեղ կարող են հանդիպել, խոսել, իրար աջակցել հոգեբանորեն։ Արտասահմանում դրան շատ մեծ նշանակություն են տալիս։
«Եթե, օրինակ, ամիսը մեկ տվյալ հիվանդը գրանցված է բժշկի մոտ, նա այդ ընթացքում մի քանի անգամ պետք է հանդիպի հոգեբանին, շփվի իր հիվանդությունն ունեցող այլ մարդկանց հետ: Դա բուժման չափազանց կարևոր փուլ է, որը մեզ մոտ բացակայում է։ Ամբողջ հոգսն ու պատասխանատվությունը մնում է բժշկի վրա: Փաստորեն, բացի դեղորայքային նշանակումներից, բժիշկը նաև հոգեբանի դեր է ստանձնում»,- ասում է նա:
Կարևոր է, որ հիվանդը հարմարվի իր բժշկի հետ, ստեղծվի պացիենտ-ռևմատոլոգ փոխվստահության ու փոխգործակցության կապ: Յուրաքանչյուր պացիենտ ընտրում է այն բժշկին, ում հետ իրեն ավելի ապահով է զգում:
Բժիշկ Վալենտինա Վարդանյանի աշխատանքի տարբերիչ կողմն այն է, որ նա իր հիվանդների հետ հարազատանում է: Մարդիկ տարիներ շարունակ այցելում են, ստանում շարունակական խորհրդատվություն, հսկողություն ու բուժում: Այդ հարազատացումն անխուսափելի է, ակամայից բժիշկը տարիներ շարունակ որոշակի դեր ու մասնակցություն է ունենում իր պացիենտի կյանքում: Դրա համար կարևոր է, որ պացիենտը գտնի իր բժշկին: Այդ դեպքում միայն բժիշկը կդառնա նաև հոգեբան ընկեր: