Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է
«Կարևորելով 2008թ.-ի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը,
Ընդգծելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման երաշխավորման անհրաժեշտությունը,
Արժևորելով հանրային համերաշխության արմատավորումը,
Խստորեն դատապարտելով 2008թ.-ի նախագահական ընտրությունների նկատմամբ անվստահությամբ պայմանավորված քաղաքացիների խաղաղ ընդվզումը բռնաճնշելուն ուղղված իշխանությունների գործողությունները, որի ընթացքում պաշտոնական տվյալներով զոհվեցին տասը, վիրավորվեցին հարյուրավոր քաղաքացիներ,
Անընդունելի համարելով մարտի 1-ին հաջորդած համատարած քաղաքական բռնաճնշումների` կամայական ձերբակալությունների, շինծու մեղադրանքներով կայացված դատավճիռների, ուժային կառույցների կողմից քաղաքացիների ահաբեկման, աշխատանքից անհիմն հեռացման դեպքերի միակողմանի քարոզչության, խոսքի, մամուլի և հավաքների ազատության սահմանափակումների, իշխանությունների գործելաոճը՝
«ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունը հայտարարում է․
1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պահպանմամբ մարտիմեկյան իրադարձությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա Հայաստանի բոլոր իշխանություններին երկրի նորագույն պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության և համերաշխության վերականգնման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման համար։
2. Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին տրամադրել արդարացի փոխհատուցում։
3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներ՝ Սամվել Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Զաքար Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Տիգրան Աբգարյանին և Գրիգոր Գևորգյանին մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ։
4. Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Մարտի 1-ի զոհերին և հանձն առնում ջանքեր գործադրել թե՛ օրենդրական մակարդակում, թե՛ առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարակական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատությունները անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»: