Քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին տեղափոխվեց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Դանիելյանը քննչական բաժին բերվեց ձեռնաշղթայված վիճակում: Երեկ նրա փաստաբանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասութւան դատարան՝ վիճարկելով Չարենցավանի քննչական բաժնի քննիչի կողմից Ա. Դանիելյանի ձերբակալման որոշումը: Դատավորը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել էր փաստաբանի միջնորդությունը և Ա. Դանիելյանին ոստիկանները «վազվռատ արեցին» Հրազդանի «կեպեզե», գրում է Shamshyan.com-ը:
Այսօր քննչական մարմինը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Դանիելյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ արդյոք նախին քաղաքապետը ընդունում է իր մեղավորությունը, նա պատասխանեց. «Հլը որ չէ»: Ֆոտոլրագրողի լրացուցիչ հարցին՝ իսկ հնարավոր է հետո ընդունեք, նա պատասխանեց՝ «Երևի»: Հիշեցնենք, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա. Դանիելյանը կասկածվում է 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: