Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսած 18-րդ դարի սկզբից, իսկ ավելի ստույգ՝ Իսրայել Օրու նախաձեռնությունից՝ սկիզբ դրվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, որը ժամանակի ընթացքում վերաճեց դաշնակցային ամուր հարաբերությունների:
Հայաստանի նորագույն պատմության ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բնույթը կարևորվել է թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի քաղաքական վերնախավի կողմից: Ակնհայտ է, որ այդ հարաբերությունների դաշնակցային բնույթը բխում է մեր երկու պետությունների շահերից:
Ապրիլմայիսյան Նիկոլի իշխանազավթման օպերացիայից հետո ես բազմաթիվ առիթներով իմ մտահոգությունն եմ հայտնել այդ հարաբերություններում առկա անցանկալի զարգացումների վերաբերյալ: Փոխարենը լսել եմ Նիկոլի հավաստիացումները, թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել:
Հիմա ամեն ինչ՝ հերթով:
Լավրովը հայտարարում է, թե Հայաստանի նոր իշխանությունը մի բան ասում է, մեկ այլ բան անում, իսկ մեր դուխով վարչապետը հայտարարում է, թե ամեն բան լավ է:
Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրները սատարում են Բելառուսին այս հարցում:
Գազի գինը սահմանին թանկանում է:
Եվ վերջապես, առաջին անգամ Ռուսաստանի պատգամավորական կորպուսի ներկայացուցիչները մասնակցում են, այսպես կոչված, Խոջալուի հիշատակի միջոցառումներին:
Սա՞ են ձեր փայլուն հարաբերությունները, պարոնա՛յք:
Տարօրինակ է, որ ԱԺ պատվիրակությունը Ռուսաստանի Պետական դումայի ղեկավարության ընդունելությանը չի արժանացել: Ինչու՞:
Ափսոսանքով պետք է նշեմ, որ երբեմնի վստահելի և իրական դաշնակցային հարաբերություններն այսօր արդեն վտանգված են:
Ելույթներ ունենալու, շոուներ ու քայլերթեր կազմակերպելու փոխարեն Փաշինյանը թող բարի լիներ և սպասարկեր մեր ազգային, պետական շահը:
ՀԳ. Ասել և ասում եմ՝ В политике главное не болтовня, а эффективность».