Եթե անդրադարձ ենք կատարում Մարտի 1-ին և ասում ենք, որ այն բացահայտված է, այդ խաբեբայության ներքո պետք է անդրադարձ կատարել Մարտի 1-ի պատասխանատուներին, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Այսօր՝ փետրվարի 28-ին, այս մասին հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Մարտի 1-ի զոհերը հենց այնպես չեն եղել: Դա նախապես ծրագրված գործողություններ են եղել, այդ զոհերը պետք է լինեին: Թե քանիսը պետք է լինեին, չեմ կարող ասել, բայց այն, որ պետք է լինեին, միանշանակ էր: Դեռ 2008 թվականի հունվարի 22-ին Տեր-Պետրոսյանը բազմամարդ հավաքի ժամանակ հայտարարություն արեց՝ ընթերցելով Չարենցի մահվան տեսիլքը: Մենք կարող ենք ասել, որ այդ ծրագիրն ունեցել է նաև նախապատրաստություն, ինչի մասին բարձրաձայնվել է: Դրանից հետո մենք տեսնում են, թե ինչպես է տեղի ունենում էսկալացիան: Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրը, ծրագիրը նախագահական ընտրություններում հաղթելը չէր: Արդեն փետրվարի 26-ին մենք տեսնում ենք, որ տարբեր մարզերից եկած մեր քաղաքացիները, ովքեր հրապարակում մասնակցում են Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված հավաքին, միանում են Ազատության հրապարակում մյուս կողմի ակցիաներին: Այդ օրը հնարավոր էր իրականացնել իշխանափոխություն, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին ուղարկեց տուն: Այսինքն, նրա խնդիրը դա չէր: Նա այլ խնդիր ուներ, ինչին ականատես եղանք մարտի 1-ին»,-ասաց «ԵԾ» ղեկավարը:
Փոստանջյանը նշեց, որ մարտի 1-ին կեսօրին այցելել են Լևոն Տեր-Պետրոսյանի բնակատեղի, որտեղ վերջինս ասուլիսով հանդես է եկել. «Ես մենակ չէի, մենք մոտեցել ենք նրան, ասել ենք, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ հավաքվել են ու իրեն են պահանջում: Մենք նրան ասացինք՝ եթե չգա, չենք կարող բացառել, որ կարող են բախումներ լինել: Մենք ասացինք, որ իր անվտանգությունը կարող ենք ապահովել, նա չասաց, որ խնդիր ունի անվտանգության, տեղաշարժման իրավունքի հետ: Նա ցուցամատը վերև պարզեց ու ասաց, որ դա ինքնաբուխ հավաք է, իրենց շտաբը չի գործում, իր դուրս գալու մասին որոշում չի կայացվել: Նա նաև ասաց, որ հավաքվածներն իր ժողովուրդը չեն: Մենք դրանից հետո լքեցինք նրա բնակատեղին:
Առաջին զոհը, որ պետք է լիներ, պետք է լիներ ոստիկան: Այդ ոստիկանին, ում ցանկանում էին սպանել, պաշտպանեց Արմեն Մարտիրոսյանն իր մարմնով: Այսինքն արդեն այդ ժամին սցենարով պետք է լինեին զոհեր, սակայն չեղան, որովհետև Արմեն Մարտիրոսյանը թույլ չտվեց: Ովքեր էին այդ մարդիկ, ովքեր ուզում եին սպանել ոստիկանին, մինչ այս պահը բացահայտված չէ: Երբ հարձակում տեղի ունեցավ ոստիկանի նկատմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը ներկայացնողներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին հրահանգ էր տրված չգալ Ֆրանսիայի հրապարակ: Այդ ժամանակից հետո ցույցն ընթանում էր խաղաղ: Միանշանակ է, որ նրանք գնում էին նրան, որ լինեն զոհեր: Ես դա ասում եմ որպես ականատես»: