Search
Close this search box.

Հետաքրքիր հաղորդագրություն Արցախից Իրան. Փաշինյանի այցին զուգահեռ

Բակո Սահակյանի եւ Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի սահմանային այցը մի կողմից միանգամայն բնական է՝ հաշվի առնելով երկու հայկական պետությունների անվտանգային մշտական խնդիրները, մյուս կողմից տվյալ այցը հետաքրքիր է մի քանի նկատառումով:

Մասնավորապես, խիստ հետաքրքիր է, որ Արցախի նախագահն ու Հայաստանի ԱԱԾ պետը Արցախի եւ Ադրբեջանի հարավային սահման դիտարկման են այցելել փետրվարի 27-ին: Հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ նույն օրը մեկնարկել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն Իրան, որտեղ նա արժանացել է բարձր մակարդակի ընդունելության եւ հնչել են տնտեսական ու քաղաքական նշանակության կարեւոր հայտարարություններ:

Բանն այն է, որ արցախ-ադրբեջանական հարավային սահմանը գործնականում նաեւ արցախ-իրանական սահման է: Իհարկե պաշտոնական Ստեփանակերտի տարածած տեղեկության մեջ չի մանրամասնվում, թե սահմանի հատկապես որ հատված են այցելել Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանը, սակայն հանգամանքն իսկապես հետաքրքիր է, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ արցախյան գոտում իրավիճակի կայունության եւ խաղաղության պահպանման հարցում առանցքային շահառուներից մեկն էլ հենց Իրանն է: Ընդ որում, այդ մասին հայտարարություններ հնչել են նաեւ Փաշինյանի այցի ընթացքում:

Իրանի նախագահի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական գործակցությունը նպաստում է ռեգիոնալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Փաշինյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Թեհրանին Արցախի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար:

Ի դեպ այդ համատեքստում ուշագրավ է, որ դեռեւս 2017-ի տարեվերջին իրանական մամուլում լայնորեն լուսաբանվեց հարցազրույց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որտեղ իրականական հեղինակավոր մամուլը հարցերի միջոցով ուղղակիորեն խոսել էր Արցախ-Իրան սահմանի մասին:

Այստեղ անշուշտ իրողությունները բավականին բազմաշերտ են, բայց միեւնույն ժամանակ իրանական կողմը մշտապես հաշվի է առել դրանք եւ իր մոտեցումները կառուցել ելնելով այդ իրողություններից: Իսկ խոսքը տվյալ պարագայում այն մասին է, որ Արցախի Իրանի հյուսիսային սահմանակից հարեւան է, ու դա իրողոթյուն է, որը Թեհրանը ոչ ֆորմալ, սակայն ճանաչել է բավականին հստակ, ելնելով բնականաբար նաեւ իր ռազմավարական շահերից:

Այդ իմաստով, նաեւ արցախ-ադրբեջանական սահմանի հուսալի պաշտպանությունն ու անվտանգությունն է տեղավորվում Իրանի ռազմավարական շահի համատեքստում, ըստ այդմ դրան ուղղված ցանկացած քայլ, ուղղակի, թե անուղղակի առնչություն ունի Իրանին: Այդ համատեքստում է նաեւ, որ հատկապես հետաքրքիր է հենց Հայաստանի վարչապետի Թեհրան այցի օրը Արցախի նախագահի եւ Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի զուգահեռ այցը Արցախի հարավային սահմանագոտի, ինչը խորքային համատեքստում կարող է լինել հայկական կողմի վստահության եւ գործընկերության լրացուցիչ ժեստ Թեհրանին:
lragir.am

Please enter a valid URL