Search
Close this search box.

«Եթե կա կասկած, պարոն Խաժակյանին ոչինչ չի խանգարում ներկայացնել փաստերն իրավապահ մարմիններին». Հակոբ Կարապետյանը՝ Խաժակյանին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն օրերս անդրադարձավ քաղաքապետարանի հայտարարած՝ 24 աղբատար մեքենաների մրցույթին: Գրառման մեջ հնչած մի քանի դատողություններին փոքր ինչ ուշացումով անդրադառնանք ստորև.

Պարոն Խաժակյանը գրում է. ««Մրցույթի» տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց Կամազի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունն այդ մրցույթին»։

Նախ, հիշեցնեմ, որ քաղաքապետարանը վերջերս մրցույթ էր հայտարարել՝ Երևանում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար: Սա, ինչպես հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը, սկիզբն է մի գործըթացի, որի արդյունքում համայնքը, ըստ էության, կդառնա քաղաքի աղբահանության երկրորդ օպերատորը: Իրականում, քաղաքապետարանը մրցույթի կազմակերպելիս որևէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսևորել. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ դրվել են այն պարամետրերը, մասնավորապես, շարժիչի այն հզորությունը, որը բավարարաում է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին: Որպեսզի, ասենք, բեռնված մեքենաները կարողանան հասնեն աղբավայր: Չէր կարող քաղաքը փոփոխել այդ տեխնիկական պահանջները, որպեսզի այս կամ այն ընկերությունը կարողանար մասնակցել դրան: Ընդ որում, կարևոր է, որ մրցույթի հիմքում դրված չափորոշիչների մեջ «տեղավորվում են» մի շարք այլ «ոչ Կամազ-ներ», օրինակ՝ «Iveco»-ն, «Mercedes»-ը, «Volvo»-ն և այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի արտադրողներ: Ավելորդ չի լինի նշել, որ 24 մեքենայի մրցույթը հայտարարելուց առաջ Երևանի քաղաքապետարանը գրավոր ծանուցումներ է ուղարկել հատուկ տեխնիկայի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների և ներկայացուցչությունների ՝ առաջարկելով մասնակցել մրցույթին:

Պարոն Խաժակյանը հարցնում է. «Ինչո՞ւ է քաղաքապետարանը մրցույթի մեջ նշել Euro-3 ստանդարտը և ոչ թե Euro-5-ը»:
Նախ՝ հստակեցնենք. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ նշված է առնվազն Euro-3 ստանդարտի շարժիչի պայմանը: Այսինքն, մրցույթին կարող էին մասնակցել նաև Euro-5 ստանդարտով մեքենա առաջարկող ընկերությունները: Բացի դրանից, միջինում յուրաքանչյուր մեքենայի համար Euro-3 և Euro-5 ստանդարտների արժեքի միջև կա առնվազն 7 մլն դրամի տարբերություն: Երևանի քաղաքապետարանը գերադասել է ավելի էժան տարբերակը, որը տեխնիկապես, իր հզորությամբ, որևէ կերպ չի զիջում Euro-5-ին: 24 մեքենայի հաշվարկի դեպքում ստացվում է, որ այս մասով Երևանը 175 մլն դրամ է տնտեսել: Ինչ վերաբերում է նրան, որ ԵԱՏՄ պահանջներով արգելվում է Euro-3 ստանդարտով շարժիչ ունեցող մեքենաների ձեռքբերումն ու շահագործումը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, ապա նշենք, որ Հայաստանի հետ կնքված լրացուցիչ պայմանագրի համաձայն, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքումից՝ 2014-ի մայիսի 29-ից 60 ամիս (5 տարի) հետո: Այս Ժամկետը դեռ չի լրացել:
Ուզում եմ մի անգամ էլ շեշտել, որ աղբատար մեքենաների մրցույթը, ինչպես և նախորդ ամսիներին քաղաքապետարանի որևէ գնման գործընթաց, կազմակերպվել և անցկացվել է օրենքի տառին համապատասխան: Ամեն դեպքում, եթե կա կասկած, որ գնման գործընթացի մեջ տեղ են գտել խախտումներ, ապա, պարոն Խաժակյանին ոչինչ չի խանգարում ներկայացնել փաստերն իրավապահ և/կամ այլ իրավասու մարմիններին»:

Please enter a valid URL