Search
Close this search box.

«Հրապարակ». ՊՎԾ-ն 800-ից ավելի աշխատակից ունի. ո՞ւմ էր ուղղված վարչապետի նկատողույունը

«Իմ քայլի» պատգամավոր, Դավիթ Սանասարյանի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանին հարցրինք` ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր՝ ակտիվիստ պաշտոնյաները գրառումներ են անում Ֆեյսբուքում, հետո գնում են ստուգումների նույն գերատեսչություններում, դա անթույլատրելի է. նկատի ուներ Ձեր նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի՞ն։

«Ես վստահ եմ, որ եթե անհրաժեշտություն լիներ հնչեցնել այդ պաշտոնյայի կամ պաշտոնյաների անունները, վարչապետը կհնչեցներ, բայց նաև վստահ եմ, որ այն պաշտոնյան կամ պաշտոնյաները, որոնց վերաբերել է ուղերձը, հասկացել են, թե ինչի մասին է խոսքը․․․ չէի ցանկանա գուշակություններ անել, կոռեկտ չի լինի։

Ուղերձը վարչապետի շուրթերից է հնչել, և ճիշտ չէ որևէ բան ավելացնել դրան։ Ի դեպ, չեմ բացառում նաև, որ այն անձնապես ուղղված չէր որևէ մեկին և հնչեց որպես նախնական ստուգողական կրակոց` հենց սկզբից արմատախիլ անելու նման արատավոր, գուցեև արդեն նշմարվող պրակտիկան»:

Աշխատել եք Դ․ Սանասարյանի հետ, ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքը. կարծիքներն իրարամերժ են։ «Եղել եմ այդ կառույցի ղեկավար մարմնում` Սանասարյանի տեղակալներից մեկը․ ոչ կոռեկտ կլինի որևէ գնահատական տալը»:

Ի դեպ, ձեր նախկին կառույցը «կնստի» Մաշտոցի 47-ում` նախագահականում, ինչպիսի՜ մեծարում՝ սիրուն աչքերի համա՞ր։ «Մեծարման, սիրուն աչքերի որևէ խնդիր չկա, այդով որևէ կերպ փորձ չի արվում բարձրացնել կառույցի նշանակությունը. ծառայությունը նոր է ստեղծվել, բավականին բազմաֆունկցիոնալ է, նախկին շենքը խիստ փոքր է, և հիմա փորձ է արվում աշխատողների համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել։ Հիշենք` կառույցն ունի 800-ից ավելի աշխատող»,-գրում է թերթը:

Գրում է «Հրապարակ» թերթը իր այսօրվա համարում

Please enter a valid URL