«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բնակաշինության ոլորտներում չարաշահումներ են բացահայտվել, ու այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս չարաշահումների մասին ժամանակին տեղյակ է եղել նաեւ Սերժ Սարգսյանը, որը ՊՆ այցերից մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել այս թեմայով, ՊՆ-ում նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներկայությամբ զրուցել է Աշոտ Գրիգորյանի հետ: Վերջինս էլ արդարացել է, թե ինքը կապ չունի, այլ ամբողջը տեղակալն է արել:
Միայն թե նկատենք` այս կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդագրություն եղավ 2018թ. հունիսին: Ու թեեւ 8 ամիս է՝ քննություն է ընթանում, սակայն մինչ օրս չկա որեւէ տեղեկատվություն, թե ինչ փուլում է այն»: