Հնդկաստանի Բանգալոր քաղաքում անցկացվող Aero India-2019 ավիաշոուի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 300 տրանսպորտային միջոց է այրվել:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, հրդեհը բռնկվել է օդանավակայանի մոտակա կայանատեղիում, որտեղ անցկացվում էր միջազգային ավիացուցադրությունը: Կրակը պատել է տարբեր տրանսպորտային միջոցների՝ ավտոբուսներից մինչև մարդատար մեքենաներ, մոտոցիկլետներից մինչև սկուտերներ:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ չմարված ծխախոտը, որն ինչ-որ մեկը նետել էր չոր խոտի վրա: Ուժեղ քամին նպաստել է կրակի արագ տարածմանը:
Դեպքի վայրում 12 հրշեջ հաշվարկ է աշխատում: Ներկա պահին կրակը հաջողվել է տեղայնացնել: