Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախաձեռնել և իրականացրել է «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» թեմայով հետազոտություն և դրա արդյունքների հիման վրա մշակել է զեկույց։
Զեկույցում ներկայացվում է անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական վերլուծական եղանակով վերհանվում է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում այն պետք է բխի Հայաստանի ներպետական միջավայրից: Անցումային արդարադատությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որին հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիոնալ համակարգերի միջոցով, և դրա կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծվեն Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և երկրի կոնվեցիոն պարտավորությունների շրջանակներում:
Անցումային արդարադատության կիրառման ժամանակահատված անհրաժեշտ է սահմանել 1991-2018 թվականները` մինչև թավշյա հեղափոխությունն ընկած ժամանակահատվածը:
Անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակում անհրաժեշտ է ներառել՝
—հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում գերակա հանրային շահի պատճառաբանությամբ հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ,
—համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը, դրանից ածանցյալ գործերը. oրինակ` 2008թ.-ի մարտի 1-ի վերաբերյալ,
—կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը: