Search
Close this search box.

Զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը 12 օր է՝ չի կարողանում սնունդ ընդունել. ՄԻՊ–ն ահազանգում է

ՔԿՀ-ում գտնվող, Նորք–Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին հաղորագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Պաշտպանի թեժ գծին արված ահազանգով Արթուր Վարդանյանը հայտնել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ արդեն 12 օր է, ինչ չի կարողանում սնունդ ընդունել, ունի քաշի կորուստ, մարմնի ընդհանուր թուլություն, տեղաշարժվում է դժվարությամբ, պարբերաբար ունենում է փսխումներ և արյունահոսություն: Ըստ նրա՝ քաղաքացիական հիվանդանոցից դուրս է գրվել առանց բուժումն ավարտելու։ Նրան առաջարկել են ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որից հրաժարվել է նախկինում այնտեղ  պատշաճ բուժում չստանալու պատճառաբանությամբ: Արթուր Վարդանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր նախընտրած բժշկի մոտ իր բուժումը կազմակերպելու հարցում:

Ահազանգի հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, տեղի է ունեցել այց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցի ընթացքում Արթուր Վարդանյանը կրկին գանգատվել է առողջական խնդիրներից՝ նշելով, որ 13 օր է չի կարողանում սնվել, ամբողջ սնունդը փսխում է անգամ ջուր խմելիս, ունի ջերմություն, մկանային ջղաձգումներ, արյան զարկերակային ճնշումը բարձր է, իսկ օրգանիզմը՝ ջրազրկված: Նա նշել է, որ ընդունում է ցուցված դեղորայքը, սակայն առողջական վիճակի լավացում չի արձանագրվում: Ա. Վարդանյանը ցանկացել է հետազոտություն անցնել քաղաքացիական հիվանդանոցում՝ իր նախընտրած բժշկի մոտ:

Վերջինիս բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Վարդանյանն անցել է իր նախընտրած բժշկի նշանակած մի քանի լաբորատոր-գործիքային հետազոտություններ, 2019 թվականի փետրվարի 19-ին զննվել է Քրեակատարողական ծառայության բժշկական կոնսիլիումի կողմից և առաջարկվել է նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ստացիոնար բուժման:

Ա. Վարդանյանի բժշկական քարտում կատարված գրառումների համաձայն՝ վերջինիս մոտ արձանագրվել է սուբֆեբրիլ ջերմություն, քաշի կորուստ, հաճախասրտություն, ցավեր որովայնի շրջանում, փսխումներ, սնվելու դժվարություններ, ինչպես նաև լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է լեյկոցիտոզ:

Արթուր Վարդանյանի առողջական վիճակի հարցը Պաշտպանի ներկայացուցիչը քննարկվել է նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Քրեակատարողական ծառայություն է հասցեագրվել գրություն  կապված Արթուր Վարդանյանի առողջական վիճակի դինամիկայի և նրան տրամադրվող բուժօգնության ծավալների հետ: Բարձրացվել է նաև սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի մոտ Արթուր Վարդանյանի բուժումը կազմակերպելու հարցը:

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել դեռևս 2018 թվականի դեկտեմբերին, և նրա առողջական վիճակի դիտարկումը կրում է շարունակական բնույթ»,– ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է բացի խմբի պարագլուխ հադիսացող Արթուր Վարդանյանի։

Please enter a valid URL