«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին շրջանի հանդիպումները խախտել են վարչապետի ու նրա շրջապատի անդորրը։ Այն մակարդակի հանդիպումները, որ Արմեն Սարգսյանն ունեցավ Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, մտքերն իրար են խառնել։
Օր օրի նախագահի վարկանիշի ավելացման եւ սեփական վարկանիշի նվազեցման հեռանկարը բավական լավ հասկանալով, մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է տեղեկատվական բացասական ֆոն ստեղծել նախագահի շուրջ։
Այն է՝ քանի որ Արմեն Սարգսյանը Սահմանադրությամբ գրեթե լիազորություններ չունի, դրսում հայտնած նրա «մեծ-մեծ» տեսլականները, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ոչինչ են, ընդամենը օդում կախված խոսքեր, որովհետեւ Սահմանադրությունը նրան ոչ մի լծակ չի տալիս, որ դրանք կյանքի կոչի։
Ի դեմս նախագահի, Նիկոլ Փաշինյանն իրեն լուրջ մրցակից է տեսնում, որը քաղաքական անկանխատեսելի զարգացումների ժամանակ կարող է մեծ դերակատարում ունենալ»: