Search
Close this search box.

Պարոն Փաշինյան, Ձեզ են սխալ զեկուցում, դուք չեք նկատում այն ահռելի վտանգը, որ կախվել է Ձեր գլխին

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետ պարոն նիկոլ Փաշինյանին… Պարոն Փաշինյան, հուսով եմ, որ գրառումս Ձեզ կհասնի և կհասնի այնպես, ինչպես ես եմ կատարում և ո՛չ այլախեղված: Սկզբի համար ուզում եմ նշել, որ ես սատարել եմ Ձեզ և հեղափոխական գործընթացն առաջին իսկ վայրկյանից՝ սկզբում որպես «Սասնա Ծռեր» խմբի անդամ, այնուհետև որպես «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ, բայց սատարել եմ ոչ միայն նրա համար, որ դա ընդհանուր որոշում էր և կամ ես (մենք) անձնապես համակրել եմ Ձեզ, այլ ուղղակի քանի որ Դուք առնվազն վերջին տաս-տասնհինգ տարիներին հանդես եք եկել որպես գործիչ, ով հստակորեն գիտակցում և տեսնում է ազգի և պետության առջև ծառացած խնդիրները և դրանց ճշգրիտ լուծումները, և դրանք արմատական տարբերություններ չեն ունեցել իմ (մեր) պատկերացումներից, որովհետև դուք հայտ ներկայացրեցիք վերականգնել երկրում արդարությունն ու սահմանադրական կարգը, վերականգնել համակարգային թալանի միջոցով երկրին և հայ ժողովրդին պատճառված վնասը և պատասխանատվության ենթարկել ազգի և պետության հանդեպ գործած ոճիրների բոլոր մեղավորներին, որովհետև հայտ ներկայացրեցիք երկրում ներգաղթի գործընթացի իրականացման և ինչու ոչ՝ Արցախը և այնուհետև ողջ հայկական զավթված տարածքները մայր հայրենիքի շուրջ վերամիավորման՝ մի խոսքով համայն հայության երազանքների իրականացման գործընթացում առաջնորդելու, ինչի համար էլ դուք ստացաք իմ և համայն հայության աջակցությունը։

Իհարկե, ես այն մարդկանցից չեմ, որ կարծում են, որ եթե դուք տապալվեք, կկորցնենք ամեն ինչ և կամ կփակվեն հույսի դռները և այլն․․․ Ոչ էլ նրանցից, որ իրենց խաբված կզգան, ո՛չ, ես կշարունակեմ իմ պայքարը և կհասնեմ հաղթանակի: Իհարկե, քիչ չեն եղել այս ընթացքում դեպքերը, երբ ես իմ անհամաձայնությունն եմ հայտնել Ձեր գործողություններին և քայլերին, սակայն հուսով եմ, որ պարզից էլ պարզ պիտի լինի, որ դա չեմ արել վարկաբեկելու կամ մեկ ուրիշ ստոր նպատակով։ Ես դա արել եմ սխալներից զերծ պահելու կամ դրանք շտկելու բարի նպատակով և ներքուստ համոզմունք ունեմ, որ, թեկուզ աննշան չափով, բայց հաջողել եմ։ Հիմա անցնեմ բուն ասելիքիս․.. Պարոն Փաշինյան, իմ կարծիքով հիմա էլ Ձեզ են սխալ զեկուցում.

Դուք չեք նկատում այն ահռելի վտանգը, որ կախվել է Ձեր գլխին և դրա հետևանքով այն գործընթացի, որի պատախանատվությունն եք ստանձնել դուք, ուզում եմ նշել, որ հակազգային ու հակապետական ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի վիժեցնեն մեր երազանքների իրականացումը և, ցավով եմ ասում, բայց Դուք Ձեր սխալներով նրանց մեծապես օգնում եք։ Ձեր կադրային քաղաքականությունն առնվազն լավը չէ, և համոզված եմ, որ հենց նաև այդ պատճառով է, որ դուք չգիտեք, թե ինչպես իրագործեք այն ամենը, որի համար ժողովուրդը Ձեզ ընտրել է։ Դուք գրեթե մոռացել եք Ձեր խոստումները, Ձեր հռչակած սկզբունքները և կամ եթե անգամ չեք մոռացել, շեղվել եք ճիշտ ուղուց։ Ես կոչ եմ անում վերհիշել և վերադառնալ ա՛յն սկզբունքներին և գաղափարներին, որ հռչակվել են 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին․․․
Հ.Գ․ Այս ամենը ես ասում եմ միայն և միայն իմ անունից և հետևողական եմ լինելու չարախնդացողների և գռեհիկների նկատմամաբ՝ նրանց գրառումների կոռեկտության պահպանման հարցում․․․»:

Please enter a valid URL