Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ որևէ քաղաքական հետապնդում չի կարող իրականացվել. «Նման բան չկա, իսկ իմ դեմ դատական հայց ներկայացնելը ցանկացած քաղաքացու իրավունքն է, դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե՝ ոչ: Քաղաքական հետապնդման որևէ միտում չկա, Սեդրակ Քոչարյանի հետ կապված ԱԱԾ հաղորդագրությամբ առավել օբյեկտիվ ներկայացրել ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ Սեդրակ Քոչարյանի հետ կապված անմեղության կանխավարկած չի խախտվել, «ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել հարուցել գործ և մեղադրանք առաջադրել»:
Նրա խոսքով՝ փողերի լվացման վերաբերյալ հարուցվել է ծավալուն քրեական գործ, որի վերաբերյալ առավել չի կարող խոսել:
«Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ, նրանք անձամբ ինձ որևէ բան չեն արել, որ ես նրանց ընտանիքի հետ կապված խնդիր ունենամ: Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իր գործունեության ընթացքում ունեցել է շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, և ես որպես սպա, որպես ԱԱԾ ծառայող չեմ կարող որևէ անձնական խնդիր ունենալ այդ ընտանիքի հետ: Քրեական գործերը արդյունք են ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի, որի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց ամփոփումը եկել է նրան, որ կա հանցակազմ և հարուցվել է քրեական գործ: Ես խնդրում եմ մի անձնավորեք այդ հարցը»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը: