Search
Close this search box.

ԱԱԾ կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որևէ թույլ կողմ չունեն. Վանեցյան

ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ուզում է շեշտել՝ ԱԱԾ կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որևէ թույլ կողմ չունեն:

“Այսինքն՝ եթե մենք ինչ-որ գործ հարուցում ենք, քննում ենք, ավարտում ենք, երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն: Ինչի մասին մենք սկզբնական խոսում ենք, ստանում ենք իրենց 100 տոկոսանոց ապացույցը: Երբ գործերը արդեն հասնում են դատարան, ընդունվում են դատաքննության բոլոր կողմերի կողմից: Կարող է մի քիչ թվալ, որ մենք դանդաղ ենք գործում, տպավորություն ստեղծվի, որ հասարակությունն ավելի շատ բան գիտի կոռուպցիոն հանցագործությունների մասին, որոնք մեր կողմից չեն բացահայտվում: Ես ուզում եմ հավաստիացնել բոլորիդ, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, բայց կա շատ կարևոր հանգամանք՝ մենք պետք է ունենանք 100 տոկոսանոց ապացույցներ, առաջնորդվենք միայն օրենքներով: Եվ եթե մենք չկարողանանք պահպանել օրենքի պահանջները, եթե չլինեն այն հիմքերը, որով մենք կարող ենք մարդուն մեղադրանք առաջադրել և հետագայում մեղադրական եզրակացությունն ուղարկել դատարան, մենք երբեք գործողություն չենք անի”,- ասաց նա:

Վանեցյանը հավելեց, որ չի հերքում՝ կոռուպցիոն հանցագործություններ այսօր էլ են կատարվում երկրում, և ԱԱԾ-ն դրան ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում: Օրինակ՝ օրերս ձերբակալվել է զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա՝ կաշառք վերցնելու փաստով:

“Այսինքն՝ քաղաքացիների բոլոր մտահոգությունները, թե՝ սա թալանեց, դրան չբռնին, նրան չբռնին, տարբերություն են դնում մարդկանց մեջ, ոչ: Մենք անում ենք էն, ինչը հաստատվում է”,- ասաց նա:

Please enter a valid URL