Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»:Ի՞նչ իմաստ ունի՝ «Ալեքսանդր Սարգսյանը կամավոր պետությանն անհատույց փոխանցել է 18.5 միլոն դոլարին համարժեք գումար» ձևակերպումը, որը հաստատվել է «ՀՀ կառավարության աշխատակազմից»: Կոնկրետ ո՞ւմ, և որպես ի՞նչ է կամավոր և անհատույց փոխանցվել՝ ՀՀ կառավարությա՞նը, ՀՀ պետբյուջե՞, «բարեգործությո՞ւն», «բարի կա՞մք», «անօրինական յուրացրած գումարների մի մասի վերադա՞րձ»: Այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նա «կամավոր» ու «անհատույց» փոխանցումնե՞ր է անում «իր սիրելի պետությանը»: Ինչո՞ւ, օրինակ, այս մեծ բարեգործը «կամավոր» և «անհատույց» փոխանցում չի արել համահայկական վերջին դրամահավաքին, բայց արել է «պետությանը»: Պետությունն ընդունո՞ւմ է գողություների մի մասը «կամավոր» և «անհատույց» փոխանցելու երևույթը, այս «անհատույցի» դիմաց ոչինչ չի՞ հատուցելու: Օրինակ՝ մեղքերի թողություն: Կամ՝ ինչ-որ կոնկրետ հանցագործության թողություն: Պետությունը ես եմ, պետությունը ՀՀ քաղաքացիներն են, նա ՀՀ պետությանը կամավոր և անհատույց ոչինչ չի փոխանցել, կոնկրետ ո՞ւմ կամ պետության ո՞ր կառույցին է փոխանցել: «Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»: ՀՀ կառավարության աշխատակազմը կարո՞ղ է «կամավոր անհատույց փոխանցում» բառերի չակերտները բացել»: