Երեկ կառավարության աշխատակազմից իրականացված հարցման միջոցով հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց 18․5 մլն դոլարին համարժեք գումար է փոխանցել: 2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրվել՝ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ անցած տարի հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սաշիկ Սարգսյանի միայն մեկ հաշվեհամարում 30 միլիոն դոլար գումար կա, որի վրա կալանք է դրված։
Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Հակոբյանը «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իր վստահորդի կողմից գումար վերադարձնելու փաստը՝ դա համարելով նախաքննական գաղտնիք։ «Այս պահին հաշվի առնելով, որ քրեական գործը գտնվում է քննության փուլում, ոչինչ չեմ կարող ասել։ Ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել։ Ով որ այդ տեղեկությունը տարածել է, բոլոր հարցերը կարող եք ուղղել նրան»,- ասաց Պողոսյանը՝ հրաժարվելով պատասխանել նաև այն հարցին՝ արդյո՞ք այդ գումարի վերադարձը Սարգսյանին առաջադրված քրեական գործի շրջանակներում է, թե՞ ոչ։
Մեր հարցմանը՝ ի՞նչ է ենթադրում այս պրոցեսը, արդյոք սրանով նա ազատվո՞ւմ է պատասխանատվությունից, կամ այդ փաստը մեղմացնո՞ւմ է նրան մեղսագրվող արարքը, Պողոսյանը նույն պատասխանը տվեց, որ նախաքննության շահերից ելնելով՝ չի կարող պատասխանել հարցերին։
Պողոսյանը, սակայն, նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը միանշանակ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել էր որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:
Ալեքսանդր Սարգսյանի կողմից կամավոր պետությանը 18.5 միլիոն դոլար գումար վերադարձնելու փաստը, սակայն, միանշանակ չի ընդունվել հանրության շրջանում։ Մի մասը գոհ է, մի մասի համար հասկանալի չէ, թե ինչի արդյունքում և ինչի համար է այդ գումարը փոխանցվել պետությանը։
Փաստը հասկանալի չէ նաև ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար։ «Դա թափանցիկ պրոցես չէ։ Ես չեմ հասկանում, օրինակ, թե ինչու է այս գումարը վերադարձրել։ Քրեական գործ կա, բայց պարզ չէ՝ դատարա՞նն է բռնագանձել, թե՞ ոչ։ Պրոցեսը պետք է թափանցիկ լինի։ Հնարավոր է, որ ոչ թե 18.5 միլիոն պետք է վերադարձներ, այլ 50։ Ես ողջունում եմ, որ գումար է վերադարձրել, բայց նաև ուզում եմ հասկանալ, թե դա ինչ պրոցեսի արդյունք է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։ Վերջինս դեմ չէ նաև գումարը վերադարձնելուց հետո պետության կողմից նրանց ներում շնորհելուն, բայց այդ պրոցեսն էլ բացարձակ թափանցիկություն է պահանջում, ըստ ընդդիմադիր պատգամավորի. «Ես ներմանն էլ դեմ չեմ, բայց պետք է հասկանանք՝ ինչպես, ինչի համար։ Պետությունը պետք է հարց տա հասարակությանը՝ կո՞ղմ եք, որպեսզի այդքան գումար վերադարձնելու արդյունքում այդ նախկին պաշտոնյաները ներվեն։ Այո, պետք է լինի տոտալ թափանցիկություն»։
Գումարը վերադարձնելուց հետո ներման արժանանալուն դեմ է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ սա անընդունելի, հակաօրինական ու վտանգավոր պրակտիկա է։ Փաստը վտանգում է առհասարակ արդարադատության գոյությունը Հայաստանի Հանրապետությունում։ «Սա հակաօրինական մոտեցում է խնդրի լուծման համար, որովհետև կստացվի, որ գողության սովոր մարդը կարող է գողանալ, հետագայում դրա մի մասը վերադարձնել ու ազատվել պատասխանատվությունից: Սա այնքան անընդունելի է։ Մենք սրանով, փաստացի, հետագայում գողություն անել պատրաստվողներին ասում ենք՝ ոչինչ, եթե դուք գողություն եք անում, ապա մի անհանգստացեք, հետագայում դրա մի մասը կվերադարձնեք, ու ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց տիկին Պողոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ այդ մարդիկ միայն պետությունից չեն գողացել, այլև ՀՀ շարքային քաղաքացիներից, ու դա ոչ մի պարագայում ներման արժանի չէ:
«Այդ Սաշիկը, որը 18.5 միլիոն դոլար է վերադարձրել պետությանը, որտեղից նրան այդ գումարները։ Ուզում են ասել՝ սա նորմա՞լ է, կարելի է ժողովրդից գողանալ ու հետո ինչ-որ չնչին մաս վերադարձնել պետությա՞նը։ Կրկնում եմ՝ սա անթույլատրելի է։ Սա ես համարում եմ քաղաքական կոռուպցիա։ Մենք սրանով ինդուլգենցիա ենք տալիս գողերին։ Գողերը, օլիգարխները կարող են գողացված փողերից մի չնչին մաս տալ ու իրենց տանիք առնել ու հետո հանգիստ վայելել գողացած փողերի մնացած ահռելի մասը։ Կրկնում եմ՝ սա հակաօրինական է, ու որևէ կերպ չի կարելի գնալ այս ճանապարհով»,- ասաց իրավապաշտպանը։