Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք:Ախտորոշման ժամանակակից մեթոդները զգալիորեն բարելավվել են, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի վաղ հայտնաբերել վահանաձև գեղձի տարբեր հիվանդությունները: Ու հատկապես էնտուզիաստ մասնագետների կողմից հսկայական աշխատանք է կատարվում՝ այս հիվանդությունների բուժումը արդյունավետ դարձնելու, համաշխարհային նորագույն մեթոդներն ու պրակտիկան Հայաստանում բերելու ու կիրառելու համար»: Բայց կարևոր է նաև, որ մարդկանց տեղեկացվածությունը բարձրանա, իսկ դրա համար պետք է վահանագեղձի խնդիրների շուրջ իրազեկվածության հարթակների ձևավորել՝ ավելի ժամանակակից, հասանելի և հանրամատչելի:
Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Վարժապետյանը պացիենտներին ընդունելու, մեծաթիվ վիրահատություններ կատարալու ամենաօրյա ինտենսիվ պրոցեսներին զուգահեռ լուրջ ժամանակ է հատկացնում նման հարթակներ ձևավորելու համար: Վերջերս հիմնադրեց http://thyroid.am/ մասնագիտական կայքը, որի միջոցով պացիենտները կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ վահանագեղձի բարորակ հանգույցների ու չարորակ ուռուցքների ախտորոշման, վիրահատական բուժմանն առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ:
Ո՞ր դեպքերում է ցուցված վիրահատություն կատարելը, ո՞ր դեպքերում կարելի է բավարարվել կոնսերվատիվ մեթոդներով, ի՞նչ է տալիս պունկցիոն բիոպսիան, արդյո՞ք վահանագեղձի վիրահատությունից հետո նկատելի սպի է մնում: Այս և այլ մեծաթիվ հաճախ տրվող հարցեր ևս իրենց պատասխաններն ունեն կայքում:
Վահանագեղձի բուժման առանձնահատկություններին վերաբերող առաջատար մասնագիտական ասոցացիաների ուղեցույցներն էլ ներկայացված են կոլեգա-մասնագետների համար: Արված է ամեն ինչ, որպեսզի առավելագույնս արագ ու պարզ տարբերակով հնարավոր լինի տեղեկություններ քաղել կայքից վահանագեղձի հիվանդությունների մասին:
Մինչ կայքի ստեղծումը բժշկական գիտությունների թեկնածու բժիշկը հայերեն լեզվով նաև մասնագիտական գիրք է հրատարակել՝«Վահանաձև գեղձի հանգույցներ» խորագրով, որը Կրթության և գիտության նախարարությունը երաշխավորել է իբրև դասագիրք:
Արմեն Վարժապետյանը նաև նկատում է, որ վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման ու բուժման հետ կապված շատ հարցերի շուրջ մինչև այսօր էլ մասնագիտական առաջատար կենտրոններում քննարկումները շարունակվում են, մոտեցումները վերանայվում են, նոր մեթոդներ են կիրառվում: Ու այդ փոփոխությունները, տարբեր դեպքերում բուժման ամենարադյունավետ ուղիները ինտերակտիվ քննարկելու համար համար Արմեն Վարժապետյանը մի խումբ համախոհների հետ նաև մասնագիտական ակումբ է ստեղծել. «Հայաստանում հիմնադրել ենք Թայրոիդ մասնագիտական ակումբը: Նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ անմիջական միջավայրում քննարկվում են վահանագեղձի, հարվահանաձև գեղձերի ու մակերիկամների խնդիրների ախտորոշմանն ու բուժմանն առնչվող հարցեր, անցկացվում ուսուցողական ծրագրեր առաջատար մասնագետների մասնակցությամբ»,- պատմում է նաև՝ հավելելով, որ մշտապես շարունակելու է նման լուսավորչական աշխատանքները, քանի որ դրանք են ճանապարհը հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու ու էլ ավելի մեծ թվով մարդկանց լիարժեք կյանք վերադարձնելու համար: