Search
Close this search box.

Ում բաժին կհասնի Հայաստանի դաբրոն և Արցախցու քվեն

Ավարտվում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, եւ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանի ու նախագահի ընտրություններ: Այս ընթացքում Արցախում արդեն իսկ նշմարվում են իշխանության գալու ցանկություն հայտնող անձինք՝ հաջորդ նախագահի հավակնորդները, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր թիմը ձեւավորել կամ օրակարգ թելադրել:

Մինչ այս պահը նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց ցանկության մասին են հայտարարել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը խորհրդարանի Ազատ Հայրենիք մեծամասնության առաջնորդն է, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև Աշոտ Ղուլյանը, ով գլխավորում է Արցախի ժողովրդական կուսակցությունը: Հետևաբար կարելի է վստահաբար ասել, որ պայքարը հիմնականում է հենց այս չորս թեկնածուների միջև է:

Աշոտ Ղուլյանի և Արայիկ Հարությունյանի մեկնարկային դիրքերը սպասվող ընտրապայքարում այնքան էլ ուժեղ չեն և դժվար թե բավարար լինեն նախագահի պաշտոնի հավակնելու լուրջ պայքար մղելու համար: Միևնույն ժամանակ վերջին շրջանում բավական թեժ հեռակա պայքար է ընթանում Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի միջև: Շաբաթներ առաջ Բաբայանը ուղիղ եթերում, ըստ էության սկանդալային հայտարարություն էր արել՝ Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել էր Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «զիջողական գիծը» պահելու մեջ: Նման վարքագիծը շատերը դիտարկեցին, իբրև ընտրություններին ընդառաջ պաշտոնական Երևանի աջակցությունը ստանալու, սիրտը շահելուն ուղղված քայլ, հաշվի առնելով այն իրողությունը, որ Արցախում անցկացվող ընտրություններում Հայաստանի ձայնը անչափ կարևոր է, ինչ-որ տեղ գուցե և որոշիչ:

Ինչ վերաբերվում է Երևանի դիրքորոշմանը, ապա Նիկոլ Փաշինյանը ըստ երևույթին իսկապես հակված է պաշտպանել հենց Բաբայանի թեկնածությունը, համենայնդեպս այդպիսի տպավորություն է ստեղծվում, երբ վերլուծում ենք այս ընտրություններում Բաբայանի հիմնական հակառակորդի՝ Վիտալի Բալասանյանի դեմ մեկ կենտրոնից տարվող լատենտ գրոհները: Մասնավորապես, նրան մամուլով, տարբեր հարցազրույցրենով սկսել են հաճախ «հիշեցնել» 2016-ին Սասնա Ծռերի հետ բանակցելը, ինչը հստակ միտում ունի ցույց տալ Բալասանյանի կապը Սերժ Սարգսյանի հետ, քանի որ Ծռերի հետ բանակցելու պատվիրակությունը կազմել էր հենց Սարգսյանը:

Բացի այդ, վերջին օրերին թիրախավորվեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ով մասնակցել էր Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին: Սակայն արդյո՞ք պատճառը միայն դա է, գաղտնիք չէ, որ սրբազանը մշտապես պաշտպանել է Վիտալի Բալասանյանին: Չնայած այս գրոհների՝ Բալասանյանը ունի առավելություն, քանի դեռ բաց է հարցը, թե արդյոք Բաբայանը կհասցնի գրանցվել իբրև թեկնածու, քանի որ չունի Արցախում վերջին տասը տարվա մշտական բնակության ցենզ և ինչպես ինքն է հայտարարել՝ փորձելու է օգտվել ստորագրահավաքի որոշակի տոկոսայնության հնարավորությունից եւ հարցադրում է արել, թե արդյոք Արցախի իշխանությունը չի խանգարի իրեն: Արցախի նախագահի մամուլի խոսնակն էլ հայտարարել էր, թե ամեն ինչ որոշում է օրենքը: Եթե Բաբայանը դուրս մնա ընտրապայքարից ապա Արցախի նախագահական ընտրություններում բացահայտ ֆավորիտ է լինելու Վիտալի Բալասանյանը, ով և ամենամեծ շանսերը կունենա փոխարինելու Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում:

Please enter a valid URL