Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 37 արձանագրություն: Սիգ ձկան բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարն ակտիվացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքում: Արդյունքում շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է փողոցում վաճառվող շուրջ 300 կգ ձուկ, որը հանձնվել է սոցիալական հիմնարկներ:
Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 125 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 5 մլրդ 119 մլն դրամի պայմանագրեր՝ 5 մլրդ 879 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 760 մլն դրամ:
Կարևորելով մարտի 23-ին հայտարարված «Մաքուր Հայաստան» համաքաղաքային շաբաթօրյակի պատշաճ անցկացումը՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կարևոր հանրային նշանակություն ունի:
«Սա շատ կարևոր միջոցառում է ոչ միայն այն առումով, որ այդ օրը շաբաթօրյակ կլինի և մենք կմաքրենք մեր մայրաքաղաքը, սա պետք է լինի մեր քաղաքացիների համախմբման օր մեկ գաղափարի՝ Երևանը սիրելու շուրջ, որն այսօր պակասում է մեզանում»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետի հանձնարարությամբ երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով տոնական լույսերն այս տարի ապամոնտաժվել են գիշերային ժամերին: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցներին և Ճանապարհային ոստիկանությանը՝ կատարած աշխատանքի համար:
Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում ամբողջությամբ ավարտվել է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածում ողջ երկայնքով աշխատանքներն ընթացքի մեջ են, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման մրցույթն արդեն իսկ հայտարարված է:
Քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակում պայմանագիրը կնքված է, մեկնարկել են նախագծման աշխատանքները: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթն ընթացքի մեջ է: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ծրագրով համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, իսկ մոո 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ: