Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանական խումբը փետրվարի 16-ին Հատուկ քննչական ծառայությունից ստացել է ծանուցում քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Այս պահին փաստաբանական խումբը ծանոթանում է քրեական գործի նյութերին:
Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրյալ է, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք, 300.1-րդ հոդվածի 1-ին մաս):
Սեյրան Օհանյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմնին՝ ներկայացնելու Օհանյանին առաջադրված մեղադրանքի էությունը, քանի որ այն իրենց համար անհասկանալի է:
«Մեզ դատարան են ուղարկում մի մեղադրանքով, որը մեզ համար հասկանալի չէ, պարզ չէ: Եթե մի բան պարզ չէ, ինչպե՞ս պաշտպանվենք: Օրինակ՝ մի շատ պարզ հարց ենք բարձրացնում՝ սահմանադրական կարգի տապալումը ե՞րբ է եղել և ե՞րբ է սկսվել: Շատ պարզ հարց է, որի պատասխանը մեզ չեն տալիս: Հարցնում ենք՝ ե՞րբ է սահմանադրական կարգը համարվել տապալված և ե՞րբ է այդ կարգը վերականգնվել: Չկա, ոչ մի պատասխան չունենք: Եթե այդ հարցերի պատասխանը չունես, ինչպե՞ս պաշտպանվես», — մեզ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց փաստաբանը:
Դիտարկմանը, թե նախաքննական մարմինը բազմիցս է վկայակոչել փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությունը, 0038 խիստ գաղտնի հրամանի ընդունումը, Մեժլումյանը արձագանքեց. «Ուրեմն թող ասեն՝ փետրվարի 23-ին սահմանադրական կարգը համարվել է տապալված, թող էդպես ասեն»:
Օհանյանը և նրա պաշտպանական խումբը պնդում են նախկին պաշտոնյայի անմեղությունը: «Այս մեղադրանքը մեզ համար անընդունելի է», — հավելեց Կարեն Մեժլումյանը:
Ինչ վերաբերում է առաջիկայում պաշտպանական խմբի անելիքներին, փաստաբանն ասաց, որ դիմելու են համապատասխան մարմիններին՝ Սեյրան Օհանյանի սահմանադրական իրավունքները խախտած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Փաստաբանը ներկայացրեց, որ դեռ նախորդ տարվա հուլիսի 11-ից Սեյրան Օհանյանի համար սահմանը փակված է եղել, և նա չի կարողացել դուրս գալ երկրից՝ չունենալով դատավարական որևէ կարգավիճակ:
«Նա չի ունեցել ոչ կասկածյալի, ոչ մեղադրյալի կարգավիճակ: Այդ կարգավիճակը ձեռք է բերել դեկտեմբերի 26-ին և այնպիսի վիճակ է ստեղծվել, որ չունենալով որևէ կարգավիճակ՝ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին: Սա իրավունքների կոպիտ խախտում է և մենք գտնում ենք, որ նաև խտրականության դրսևորում է: Նման բան չի կարող լինել իրավական համակարգում: Այս առումով մենք հետամուտ ենք լինելու, որ համապատասխան անձինք պատասխանատվության ենթարկվեն», — ասաց Կարեն Մեժլումյանը:
Հիշեցնենք՝ այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ են նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին պաշտոնյաներ Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը: Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է, իսկ մյուսների մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և շուտով կուղարկվի դատարան: