Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը՝ ստանալով 470 ձայն:
Համայնքում ընտրություններին մասնակցել են քվեարկության իրավունք ունեցող 1913 ընտրողներից 1338-ը:
Անկուսակցական Սեդրակ Դավթյանը ստացել է 307, Գևորգ Խուրշուդյանը՝ 295, Ռուդիկ Կարապետյանը՝ 243 ձայն:
Ռաֆայել Գրիգորյանը վայելում էր Սասուն Միքայելյանի հովանավորչությունը: Ասում են, թեպետ Գրիգորյանը անկուսակցական է, բայց մինչ ընտրությունները Սասուն Միքայելյանը Քաղսիում թեկնածու Ռաֆայել Գրիգորյանի համախոհների հետ ժողով է արել ու հորդորել քվեարկել իր նախընտրած թեկնածուի օգտին: Ժողովին քիչ մարդ է մասնակցել, ինչից Միքայելյան Սասունը այդքան էլ գոհ չի եղել: Փաստացի ձայների քիչ առավելությամբ Քաղսիում հաղթեց Սասուն Միքայելյանի թեկնածուն:
Հիշեցնենք, որ մինչ ընտրությունները գրվեց որ այս գյուղում ընտրությունների «իտոգը» տալու է Սասուն Միքայելյանը: Մասնավորապես «Իրավունք» թերթը գրեց. «Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց և ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»:
Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգում, թե ով որտեղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի:
«Կոտայքի Քաղսի համայնքում լուրեր են շրջանառվում, թե փետրվարի 17-ին ՏԻՄ արտահերթ ընտրությունների «իտոգը» տալու է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նույն տեղեկությունների համաձայն՝ գյուղում հոգեբանական ճնշում են գործադրում թեկնածուների նկատմամբ, մասնավորապես համայնքի նախկին ղեկավար Սեդրակ Դավթյանի:
Բանը հասել է նույնիսկ սպառնալիքներին, Սեդրակ Դավթյանի որդուն հասկացրել են, որ հայրը պետք է հանի թեկնածությունը: Իսկ թե ում համար է նախատեսված Քաղսիի համայնքապետի պաշտոնը, տեղացիները պնդում են, որ Ս. Միքայելյանի թեկնածուն 26-ամյա Ռաֆայել Գրիգորյանն է, որը երբեք աչքի չի ընկել գյուղում»: