Բելառուսի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Անատոլի Գլազն անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ տեղի ունեցող գործընթացներին հայտարարել է. “ՀԱՊԿ-ն երկար ժամանակ է գործում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակը հօգուտ կազմակերպության չէ և պահանջում է անհապաղ լուծում: “Գլազը հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ՀԱՊԿ առաջնորդների հանդիպումների ժամանակ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պաշտպանել են Բելառուսի թեկնածուին: Բելառուսի ԱԳՆ-ի մամլո խոսնակը նաև ակնարկել է, որ Մինսկն այս հարցի վերաբերյալ մինչև հիմա լռում էր, քանի որ ըմբռնումով էր մոտենում Նիկոլ Փաշինյանին, որը պատրաստվում էր ԱԺ արտահերթ ընտրություններին: Գլազը նաև ակնարկել է, որ Բելառուսը դեմ է առանց Հայաստանի համաձայնության Մինսկի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու գաղափարին:
Ստացվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանակ է տալիս Երևանին և հասկացնում է, որ չի հրաժարվել Մինսկի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու գազափարից, չնայած այն հանգամանքին, որ մինչև 2020 թ-ի փետրվար ամիսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը:
Համոզված եմ, որ Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու գաղափարը միայն Մինսկինը չէ: Հիշեցնեմ, որ Հայաստանում 2018 թ-ի Թավշվյա հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի քննության պատրվակով քրեական գործ հարուցեցին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ և հետ կանչեցին վերջինիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Երևանի այս որոշումը խիստ դժգոհություն առաջացրեց Մոսկվայում, որտեղ Փաշինյանի քայլը դիտվեց որպես “Հայաստանի կողմից Մոսկվայի մեջքին հասցված հարված”, քանի որ Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելը և ջանադրաբար նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելը վարկանիշային մեծ հարված էր ՀԱՊԿ-ին, որն Արևմուտքում դիտվում է որպես ՌԴ նախագահ Պուտինի կողմից վերահսկվող ռազմա-քաղաքական բլոկ՝ ՆԱՏՕ-ի հակառակորդ:
Փաշինյանի այս քայլին հաջորդեց Բելառուսի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը, Բաքվի հետ “սիրախաղը” և պահանջները, որ իր երկրի ներկայացուցիչը նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, որը պաշտպանեցին ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարները:
Այսինքն, ՀԱՊԿ ղեկավարներն վերջնական որոշել են զրկել Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Այս պարագայում լավագույն տարբերակ կլիներ, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2020 թ-ի փետրվարը ժամանակավորապես մնար ՌԴ ներկայացուցիչը և հարցը լուծվեր ոչ ոքի:
Սակայն ինչպես տեսնում ենք, Բելառուսը կրկին ակտիվացել է և ժամանակ է տալիս Փաշինյանին, որ վերջինս ընդունի Զասին և համաձայնի վերջինիս թեկնածության հետ:
Իսկ դա կլինի Հայաստանի պարտությունը:
Հ.Գ. Հետաքրքիր է, եթե Յուրի Խաչատուրովը հանցագործ է, ապա ինչու՞ սույն թվականի հունվարի 28-ին՝ բանակի օրվա տոնին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն անձամբ էր դիմավորում գեներալ Խաչատուրովին՝ իր հարգանքը ցույց տալով վերջինիս:
Գագիկ Համբարյան