Search
Close this search box.

Էդմոն Մարուքյանը Արայիկ Հարությունյանին կոռուպցիայի մեջ մեղադրեց. ԿԳ նախարարի պատասխանը

Փետրվարի 14-ին Ազգային ժողովում ելույթի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարություններին: «Ասում է՝ մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում: Զարմանում ես, այսինքն՝ ի՞նչ եք ուզում ասել: Պարոն նախարար, Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել ձեր մտերմին, ով օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և ինքն իրեն 850 հազար դրամ աշխատավարձ է նշանակել՝ նախկին 554 հազարի փոխարեն: Նոր բաժին է ստեղծել, որը մեկ աշխատող ունի, բայց պետ էլ ունի: Մինչդեռ գիտությունների դոկտորը 172 հազար դրամ է ստանում: Հիմա սա ի՞նչ ա, որ կոռուպցիա չի: Կոռուպցիան միայն կաշառք տալն ու վերցնելը չի, հովանավորությունն է: Մարդը եկել, թղթերով ա թալանում, Սերժն ասում էր՝ թղթերով ամեն ինչ կարգին ա: Դուք նաև Էդմոն Մարուքյանի համար եք աշխատում, որովհետև Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացի է»,- ասաց նա:

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը Մարուքյանին պատասխանել է Ֆեյսբուքի իր էջում.

«Քիչ առաջ դեժավյու էր մոտս՝ Ազգային ժողովում մի ելույթ լսելիս: Անմիջապես սա հիշեցի, ու կրկին տարակուսեցի՝ ճի՞շտ էինք, որ ժամանակին մեծահոգաբար խիստ գնահատականներ չենք տվել այդ պահվածքին ու զորակցում էինք նրանց ու նրանց թիմակիցներին՝ տապալվածներին։ Բայց ճիշտ էինք, մեծահոգությունը մեր առաքինություններից է:

Հ․Գ․ Ագրարայինի մասին։ Պարոն Մարուքյանն իրեն բնորոշ ոճով կեղծում է, որովհետև Ուռուտյանի հետ ծանոթացել եմ խորհրդի կողմից ռեկտոր ընտրվելուց օրեր առաջ, այսքան ժամանակ առավելագույնը մոտ մեկ ժամ, ժամ ու կես զրուցած լինեմ հետը։ Իսկ Ուռուտյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է, ու Ագրարայինն այսօր նրա ընտրությամբ ստացել է ամենաառաջադեմ և զարգացող բուհերից մեկի համբավ։ Ու ռեֆորմատոր ռեկտորին կոռուպցիոներ անվանելը խոսում է նրա մասին, որ Ձեզ փոփոխություններ պետք չեն, Ձեզ իմիտացիա է պետք, որ լողաք։

Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք Հեղափոխության ժամանակ, ու վերջին օրերին միայն սկսեցիք վանկարկել՝ վախենալով վերջնականապես դուրս մղվել քաղաքական դաշտից։ Այստեղ եմ գրում, որովհետև կանոնակարգով ԱԺ-ում ելույթի հնարավորություն նախարարներին տրված չէ»։

Please enter a valid URL