Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին՝՝ այսպես վերնագրեց իր ելույթը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում։
Միրզոյանը նշեց, որ բոլորն իրենց հարցնում են, թե Կառավարության ծրագրում գրված է, որ նախատեսվում է կառուցել ջրամբարներ, և անմիջապես հաջորդում է հարցը՝ ո՞ւր են թվերը։ Միրզոյանը շեշտեց, որ հարցերի պատասխանները ծրագրում չկան, բայց այդ ջրամբարները կառուցվելու են։
«Այս հարցադրումը ինձ տանում է մեկ տարի ետ, երբ մեր գործընկերների հետ քննարկումների շարք ունեինք, և մենք՝ որպես հանրույթ, հայտնվել ենք մի տեղ, երբ կա երկու ճանապարհ. կա՛մ մենք շարունակում ենք մնալ ստրկատիրական-ֆեոդալական ճահճում, որում ապրում էինք տասնամյակներով, և մեր պետությունը նետվում է ձախողված պետությունների զամբյուղը, կա՛մ մենք հաղթահարում ենք դա, անիվը հանում ենք այդ ցեխից և կանգնում զարգացման ճանապարհին։ Կա երրորդ ճանապարհ, փորձում էին համոզել մեր գործընկերները, չկա՝ ասում էինք մենք»,- նշեց ԱԺ նախագահը։
Միրզոյանի խոսքով՝ իրենց շարունակ հարցնում էին, թե որն է իրենց պլանը․ «Մեր պլանը մեկն է․ քաղաքացու հավատի և գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն և քաղաքացու հաղթանակ, այո՛, մանթրայի պես մենք քննարկումից քննարկում շարունակում էինք կրկնել։ Կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցավ քաղաքացու հաղթանակը»։
ԱԺ նախագահը համամիտ է Էդմոն Մարուքյանի հետ, որ շատ դժվար է լինել ընդդիմություն հեղափոխությունից հետո․ «Մեր գործընկերոջ հետ միանշանակ համաձայն եմ։ Բայց տասնապատիկ անգամ ավելի դժվար է լինել իշխանություն և հարյուրապատիկ անգամ ավելի դժվար է լինել քաղաքացի»։
Միրզոյանը ելույթի ավարտին կրկին խոստացավ, որ այդ ջրամբարները կառուցվելու են։