Կառավարությունը երկու կետով արհամարհել է խորհրդարանի դերը՝ առաջինը, իր ծրագիրը խորհրդարան է բերել՝ առանց խորհրդարանական ուժերի հետ քննարկելու այն, երկրորդ, կառավարությունը ծրագիր է բերել՝ չունենալով կառավարության կառուցվածք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ սա առաջին դեպքն է, երբ կառավարությունը ծրագիր է բերում խորհրդարան՝ առանց խորհրդարանական ուժերի նախնական քննարկման: Սա արհամարհական վերաբերմունք է ԱԺ նկատմամբ: «Ես հիշեցի, երբ մեկ տարի առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ծրագիր էր բերելու, մեզ էր զանգել Վաչե Գաբրիելյանը և ասում էր՝ Ելք և ԲՀԿ խմբակցությունների հետ առանձին հանդիպենք, ներկայացնենք ծրագիրը: Մենք մերժեցինք, որովհետև ասացինք՝ նախ ծրագիրը պետք է վարչապետը բերի ներկայացնի ֆրակցիային: Դրանից առաջ Հովիկ Աբրահամյանի օրոք էլի ծրագիրը քննարկվել էր մինչև դահլիճ գալը: Իսկ հիմա այս փաստաթուղթն անհնար է փոխել, կամ ընդունվելու է, կամ ոչ»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանը նշեց, որ պատճառը չգիտի, թե ինչու է կառավարությունն այսպես վարվել: Փաստացի խորհրդարանն արհամարհվել է և միանգամից ստացել է ծրագիր՝ դահլիճում քննարկելու համար, սա պատմության մեջ առաջին դեպքն է: Քաղաքական ուժերի հետ, ըստ նրա, հանդիպումը պետք է նախաձեռներ վարչպետ Նիկոլ Փաշինյանը: