Վրաստանում իրավապահները ձերբակալել են «օրենքով գողերի» հավաքի մասնակցած 5 անձի, այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Կախա Սաբանաձեն:
Ինչպես գրում է apsny.ge-ն, նրանց ձերբակալել են «քրեական աշխարհի անդամ հանդիսանալու», «օրենքով գողերի հավաքի մասնակցելու» և «քրեական աշխարհի գործունեությանն աջակցելու» համար:
Քննիչները պարզել են, որ այս տարվա հունվարի 27-ին Թբիլիսիի բնակարաններից մեկում քաղաքացի Մ. Կ.-ի և Ջ. Մ. անունով գործարարի միջև ծագած տարաձայնությունը լուծելու նպատակով հավաք է կազմակերպվել, որին մասնակցել են քրեական հեղինակություն համարվող անձինք:
Նույն հավաքի ժամանակ ներկաներին հեռակա կարգով միացել է «օրենքով գող» Սուլխան Ջափարիձեն, որը 2016 թվականից միջազգային հետախուզման մեջ է գտնվում Ինտերպոլի կողմից: Վերջինս, «քրեական աշխարհի կանոնների վրա հիմնվելով», լուծել է տարաձայնությունը:
Նշվում է, որ Ջափարիձեին մեղադրանք կառաջադրվի հեռակա կարգով, իսկ հավաքի մասնակից մյուս անձինք արդեն ձերբակալված են:
Հայտնի է, որ գործի շրջանակում բնակարանների ու ավտոմեքենաների խուզարկության արդյունքում այդ անձանց պատկանած զենք-զինամթերք է հայտնաբերվել:
Քրեական աշխարհի ներկայացուցիչներին սպառնում է 6-ից 10 տարվա ազատազրկում:
https://youtu.be/-joVwsX0zKY