Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օրերս հրապարակել է ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները, որը սկսվել էր Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրված իրացվող ձվի ծավալների նվազման առնչությամբ:
ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը, տոնական օրերին՝ դեկտեմբերի 28-ից 31-ը մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրել էր, որ չնայած պահանջարկի առկայությանը, օրվա որոշակի ժամերի հավկիթի ցուցափեղկերը փաստացի դատարկ են:
Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին՝ պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման եւ իրացման ծավալների ինչպես նաեւ գնային քաղաքականության, վերաբերյալ։
Պահանջվող տեղեկատվությունը ամբողջությամբ ստացվել է, որի ուսումնասիրությունից պարզվել է հետեւյալը. Խոշոր ընկերությունների արտադրական ծավալներն աճել են 12 տոկոսով Ձվի արտադրության ոլորտում առաջատար են «Արաքս Թ/Ֆ» (մասնաբաժինը 50 տոկոս), «Աշտարակ ձու» (մասնաբաժինը 23 տոկոս) «Լուսակերտ» ( մասնաբաժինը 15 տոկոս) եւ «Արզնու տոհմային ԹՏԽ» ( մասնաբաժինը 12 տոկոս) ընկերությունները։
Նշված ընկերությունների կողմից 2018 թվականին արտադրվել է 192.8 միլիոն հատ ձու ինչը շուրջ 12 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Քանի որ պահանջարկի նվազման խնդիրը առաջացել էր 2018 թվականի դեկտեմբերին, ապա ընդգծենք, որ միայն այդ ամսում արտադրվել է շուրջ 18.3 միլիոն հատ ձու՝ նախորդ տարվա 15.8 միլիոնի փոխարեն։ Արտադրական ծավալների աճին զուգահետ տեղի է ունեցել ներմուծման ծավալների կտրուկ նվազում:
Հանձնաժողովը գրությամբ դիմել է նաեւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությանը՝ ներկրված խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2018-ին տեղի է ունեցել ներկրված ձվի ծավալների խիստ էական նվազում: Այսպես. 2017 թվականի ընթացքում ներմուծում իրականացնելու համար եղել է 35 ներմուծման հայտ, որից բավարարվել է 25-ը։ Մինչդեռ 2018 թվականին առկա 25 հայտերից բավարարվել է ընդամենը 1-ը: Այսինքն, փաստացի մերժվել է ներկրման 24 հայտ, ինչի արդյունքում նախորդ տարիների շուրջ 9 միլիոն ձվի փոխարեն, 2018-ին ներմուծվել է ընդամենը 302 հազար 400 հատ ձու:
Արդյունքում, եթե 2017-ի դեկտեմբերին շուկա է հանվել շուրջ 29 միլիոն հատ, ապա 2018-ի դեկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է շուրջ 3 միլիոնով, ինչն էլ Ամանորի նախաշեմին վաճառքում առկա ծավալների որոշակի խնդիր է առաջացրել։
Չնայած առաջարկի նվազմանը, գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել Հանձնաժողովը կատարել է նաեւ գնագոյացման ուսումնասիրություններ, պարզելու՝ արդյոք առաջարկի նվազումը հանգեցրել է գնի փոփոխության: Համադրված տվյալները փաստում են, որ ինչպես խոշոր արտադրողների, այնպես էլ խոշոր առեւտրային ցանցերի մոտ էական գնային փոփոխություններ չեն արձանագրվել:
Բացառապես ձվի որոշ տեսակների գծով ( N 03 խոշոր ) արձանագրվել է գների բարձրացում՝ 3-5 դրամի սահմաններում: Մրցակցային օրենսդրության խախտման դեպքեր չեն բացահայտվել Ըստ Հանձնաժողովի գնահատականի, տոնական օրերին արձանագրված խնդրի հիմնական պատճառը առավելապես պայմանավորված է եղել ներմուծման ծավալների զգալի կրճատմամբ, ինչն էլ պահանջարկի կտրուկ աճին զուգահեռ հանգեցրել է վաճառքի ծավալների նվազման: Ուսումնասիրության ավարտի պահին խոշոր արտադրողների եւ մանրածախ սուպերմարկետների կողմից մրցակցային օրենսդրության խախտման եւ չարաշահման դեպքեր չեն բացահայտվել:
Այնուամենայնիվ Հանձնաժողովը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել բարձր կենտրոնացվածություն եւ սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները՝ հակամրցակցային երեւույթների կանխարգելման եւ հնարավոր չարաշահումների բացահայտման նպատակով։