Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այժմ գտնվում է Հայաստանում, Tert.am-ին տված հատուկ հարցազրույցում պատմել է ընտանիքի, հայկական ու հրեական սփյուռքի, Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքի, հայաստանյան զբոսաշրջության, հայերեն իմացած «միակ» բառի ու անգամ թուրք-իսրայելական հարաբերությունների մասին:
Հենց սկզբից բլոգերն անկեղծանում է՝ Ադրբեջանի մասին բացասական մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով հայ լրագրողների տված հարցերը մի փոքր հոգնեցրել են:
Թեև ակամայից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության թեմայի կիզակետում հայտնված իսրայելցի բլոգերն ի սկզբանե հայերի ու Հայաստանի հետ որևէ կապ չի ունեցել, նրա ընտանիքի պատմությունը քիչ է տարբերվում շատ հայերի պատմություններից:
«Պապս Վիլնյուսից է, նա ուներ 3-4 եղբայր և քույր, և բոլորը, բացի նրանից, մահացան: Բոլորին տարել են գնդակահարելու, լցրել են փոսն ու թաղել: Դե գիտեք, մինչ պատերազմը Վիլնյուսը կիսով չափ հրեական քաղաք էր: Մյուս ազգականներս Լեհաստանից էին՝ Կրակովից, մի մասն էլ Լվովից, պատերազմի հենց սկզբում՝ 1941 թվականի հունիսին, քաղաքի հրեա բնակչությանը հրամայել են դուրս գալ իրենց իրերով ու դուրս են տարել, ոչ ոք չգիտի անգամ՝ ինչպես դա պատահեց, ուր տարան, ինչպես սպանեցին»,- պատմում է իսրայելցի բլոգերը՝ նկատելով, որ իրավիճակը շատ ծանոթ կարող է թվալ բազմաթիվ հայերի:
Ավելի ուշ Լապշինների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանում:
«1940-ին, երբ ԽՍՀՄ-ն գրավեց Մերձբալթյան երկրները, պապս մոտ 20 տարեկան էր, նա գնաց սովորելու Լենինգրադ, հետո մասնակցել է պատերազմին, Լենինգրադյան բլոկադայի ժամանակ վիրավորվել է, տարել են այլ վայր հոսպիտալ, այնտեղ էլ ծանոթացել է տատիկիս հետ»:
Որպես ճանապարհորդ և բլոգեր՝ Ալեքսանդր Լապշինը աշխարհում օր օրի աճող գլոբալ միտում է նկատում մարդկանց ազատությունների, այդ թվում՝ խոսքի ազատության խիստ անկման հետ կապված:
«Մենք, օրինակ, գիտեինք, որ ամեն ինչ խոշոր հաշվով հենց այդպես էլ լուծվում է, բայց չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի: Օրինակ, մտքներովս չէր անցնի, որ Լուկաշենկոն մեկ զանգով բլոգեր կվաճառի: Կարծում եմ, որ դա պայմանավորված է անհատների՝ ընդհանուր իրավիճակի վրա ազդեցության մեծացման հետ: Օրինակ՝ ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ազատ երկիր է, Կանադան՝ այո: Այս տարածաշրջանում երևի թե ամենաազատը Հայաստանն է», – նշում է Լապշինը:
Նա համոզված է, որ համացանցը, ի հեճուկս տարատեսակ կարծիքների, ժամանակակից բլոգերներին չի վնասել, այլ օգնել է, իսկ այն, որ ամեն ոք կարող է լինել բլոգեր ու հայտնի դառնալ անգամ անհեթեթ հրապարակումների շնորհիվ, իրեն շատ չի մտահոգում:
«Մարդիկ միևնույնն է գալիս են հենց իմ էջ ու կարդում ինձ», – ժպտալով նկատում է Լապշինը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ մինչ մեր հանդիպումը երևանյան փողոցներում 15-50 րոպեում մոտ 5 մարդ է իրեն մոտեցել, և բոլորն իրեն ճանաչում են ու ժպտում:
Հայերեն չի սովորում, կատակով ասում է՝ «Մեկ բառ գիտեմ հայերեն. Արցախ: Ի դեպ, գիտե՞ս, որ «Արցախ» եբրայերեն բառացի նշանակում է ծաղկող դաշտեր»:
Մինչ Արցախ այցելելը իսրայելցի բլոգերը տարբեր հակամարտությունների գոտիներում շատ է եղել, սակայն առանց նման ծանր հետևանքների։ Արցախ այցելելու ժամանակ Ադրբեջանի սահմանած արգելքների մասին տեղյակ չի եղել, իսկ հետախուզման մասին իմացել է ձերբակալման պահին։
«Նախ կարծեցի, որ դա կատակ է։ Ինձ մոտ գալիս են բելառուս ոստիկաններ ու ցույց տալիս ինձ ձերբակալելու հրամանը։ Ասում են՝ «Այդ «չուռկոբեսները» չգիտես ինչի ուզում են ձերբակալել նրան»: Հենց այդպես էլ ասացին: Նախ նրանք զինված էին ինքնաձիգերով, հետո, իհարկե, ավելի մեղմ վերաբերմունք ցուցաբերեցին։ Ասացին՝ «Դե, եկեք, գնացինք»»,- հիշում է Լապշինը։
Ամբողջությամբ՝tert.am կայքում