Հարգարժան պարոն Փաշինյան.
Չնայած հույս ունեի, որ էլ բաց նամակ չեմ ուղարկի Ձեզ, այլ ազատության մեջ կհանդիպեի երկրիս վարչապետին։ Ավաղ՝ Ձեր գրչի մեկ հարվածով՝ ես ցմահ դատապարտյալս նորից պիտի տանջվեմ։ Հօդս ցնդեցին բոլոր հույսերս, որոնք կապված էին նոր Հայաստանի հետ։ Ինչ փոխվեց։ Վերջին օրերին շատ դատապարտյալներ են այս հարցը տալիս։ Դուք էիք՝ լրագրող, պատգամավոր, հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում էիք, որ ցմահներին էլ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի, այդ մարդկանցից ոմանք պիտի ազատվեն։ Մոռացաք այդպես շուտ, որ ներում չշնորհեցիք ոչ մեկի։ Միթե արժանավոր չկար այդ ցուցակի մեջ։ Կամ գուցե երբ աղմուկ բարձրացավ Ձեր ղեկավարած կառավարությունում աշխատող Զարուհի Մեժլումյանի ամուսնու՝ Մհեր Ենոքյանի ներման շուրջ՝ փոխեցիք Ձեր տեսակետը։ Եթե ոչ Մհերը, ապա ոչ ոք սկզբունքը սխալ է, պարոն վարչապետ։ Լավ գոնե կին մի դատապարտյալի ներում շնորհեիք: Սա է սիրո ու հանդուրժողականության Հայաստանը, սա է ժողովրդի իշխանության Հայաստանը։ Ամեն դեպքում՝ իմ զավակները հեղափոխություն անելիս՝ այսպես չէին պատկերացնում երկրի վիճակը։ Ես էլի չեմ կոտրվելու՝ պայքարելու եմ Ատծո կամոք։ Շարունակելու եմ օրենքի սահմաններում հասնել իմ բաղձալի երազանքին։ Ես 23 տարի պայքարել ու կպայքարեմ։ Դուք պիտի անեիք այդ քայլը, բայց չուզեցիք։ Ամենայն բարիք Ձեզ՝ երկրի կառավարման գործում։
Հարգանքներով՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան