Search
Close this search box.

Գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք. Օսիպյանը ցուցմունք տվեց դատարանում

2016թ. հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր դատարան է ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օիսպյանը, ով այս քրեական գործով տուժող է։ Նա այսօր ցուցմունք տվեց։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Դատարանում է նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

Վալերի Օսիպյանը իր խոսքի մեջ մասնավորապես նշեց, որ խմբի անդամներից ոմանց հետ մինչ իր պատանդառվելու օրը շփվել է հավաքների, ցույցերի, երթերի շրջանակում, ապա ներկայացրեց հուլիսի 17-ի առավոտյան դեպքերի ժամանակագրությունը, երբ զավթվել էր ՊՊԾ գունդը՝ իր խոսքի մեջ հստակ շեշտելով, որ դա զավթում էր, ոչ թե գրավում։ «Գրավողն ուրիշ բան կգրավեր։ 35 հոգի չէին գնա գունդ գրավեին, նրանք ապօրինի զավթել են գունդը»,-նշեց ՀՀ ոստիկանապետը՝ հավելելով, որ դեպքի մասին իմանալուն պես ուղևորվել է դեպի գունդ։

Տեղ հասնելուն պես լսել է Պավլիկ Մանուկյանի ձայնը ու հասկացել, թե ովքեր են ներսում։ Փորձել է վերջինիս հետ բանակցել, հորդորել, որ զենքերը վայր դնեն ու դրանով ցրեն իրենց՝ բանդա լինելու մասին շարունակ պտտվող խոսակցությունները։ «Լավ, շատ ես խոսում»,-եղել է Պավլիկ Մանուկյանի պատասխանը։

Այնուամենայնիվ, Վարդան Եղիազարյանի հետ ինքը փորձել է բանակցել նրանցից ոմանց հետ, սակայն կարճ ժամանակ անց հասկացել են, որ անիմաստ է։ Ապա ինքնաձիգը պահել են իր վրա, քաշքշել, ցանկացել խլել կապի միջոցն ու փորձել իրեն պատանդ վերցնել՝ սպառնալով չենթարկվելու դեպքում սպանել՝ միևնույն ժամանակ ինքնաձիգի կոթով հարվածելով ու ուսադիրները պոկելով։ Ինչպես հետո է իմացել, ուսադիրներ պոկողը եղել է Աշոտ Պետրոսյանը։

«Այդպես մտանք գունդ։ 5-6 հոգով հարվածում էին ինձ։ Մտանք ներս։ Այնտեղ մի քանի համակարգիչներ էին դրված, որոնց շուրջ աշխատում էր Վարուժան Ավետիսյանը։ Ավելի առաջ գնալով՝ հանգստի սենյակում տեսա ձեռնաշղթաներով 8 ոստիկանների։ Ինձ ու պարոն Եղիազարյանին էլ «կանդալեցին»։ Հետագայում բոլորիս ձեռքերն արձակեցին։ Այնուհետև ինձ տարան դուրս։ Բարձրախոս տվեցինք ձեռքս՝ ասելով՝ եթե հիմա ոստիկաններին կոչ չանես զենքերը վայր դնել ու գալ, միանալ մեզ, քեզ այստեղ գյուլլում ենք։ Սպառնալիքները տևեցին 3-5 րոպե։ Ես, բնականաբար, դա չասացի, այլ դիմելով գործընկերներիս՝ հորդորեցի այս ուղղությամբ չկրակել, որ պատասխան կրակ զինված խմբի կողմից չլինի»,-հիշեց ՀՀ ոստիկանապետը՝ հավելելով, որ գնդի տարածքում «Մոլոտովի կոկտեյլներ» էին պատրաստվում։

Վերջինս նշեց նաև, որ իր հեռախոսը թողել էին իր մոտ, որովհետև ինքը կապող օղակ էր իրավապահ մարմինների ու զինված խմբի միջև։

Վ. Օսիպյանը հիշեց, որ ինքը սկսել է փնտրել գնդապետ Արթուր Վանոյանին, տեսել արյունոտ պատեր ու խառնաշփոթ վիճակ ու հասել մինչև աշխատասենյակ, ուր արդեն գտել է նրան մահացած վիճակում։

Please enter a valid URL