Search
Close this search box.

«Հեղափոխականներին» վարձահատույց լինելու ժամանակը

Ի վերջո, արդյո՞ք մեկ-երկու փողոց փակած եւ Նիկոլ Փաշինյանին անձնական հավատարմությունն ապացուցած պաշտոնյան իրավունք ունի հավակնելու շարքային բայց բազմամյա ստաժ ունեցող ուսուցչից տաս անգամ ավելի բարձր վարձատրություն ստանալու, կամ Սինոփսիսի տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ թոփ ծրագրավորողի չափ վարձատրություն ստանալու:

Նիկոլ Փաշինյանի արդարացումները ինձ անչափ մտահոգեցին: Վտանգ եմ տեսնում, որ վարչապետը սկսում է էլ ավելի հեռանալ հեղափոխական արժեքներից, երբեմն էլ՝ անգամ ադեկվատությունից: Ի՞նչ է նշանակում ԱԺ պատգամավորները միշտ էլ 13-րդ աշխատավարձ են ստացել: Այդ երբվանի՞ց սկսեցիք նախորդների փորձը օրինակելի համարել: 13-րդ աշխատավարձերը, պարգեւավճարները, հավելավճարները պետք է վճարվեն միայն իրենց ուղիղ պարտականությունները գերազանցող հավելյալ արդյունքների հասնելու դիմաց: ՉԱՓԵԼԻ արդյունքների: Ո՞րն է եղել մի-քանի ամիս որպես մարզպետ պաշտոնավարած ՔՊ-ականների չափելի այդ արդյունքը, որը, դեռ մի բան էլ եղել է հավելյալ, իրենց ուղիղ պարտականությունները գերազանցող: Արդյո՞ք միայն այն, որ իրենք, ինչպես Էդուարդ Աղաջանովն է ասում «միջինը օրական 12-14 ժամ աշխատանքային գրաֆիկով են ապրում, չհաշված շաբաթ-կիրակիները։» Այսինքն այն, որ պաշտոնի են նշանակվել հաճախ որեւէ մասնագիտական փորձառություն չունեցող մարդիկ եւ իրենց աշխատաժամերը չի բավականացնում իրենց ուղիղ պարտականությունները կատարելու համար՝ հարկատուների փողերո՞վ պետք է փոխհատուցվի: Կամ ո՞րն է եղել այդ պաշտոնյաների արդյունքը: Միայն այն, որ արդյունավետորեն մասնակցել են ընտրություններին՝ ՔՊ-ի բացարձակ հաղթանակը ապահովելու համա՞ր: Բայց ինչո՞ւ պետք է այդ գործունեությունը պարգեւատրվի իմ վճարած հարկերից:

Կամ վարչապետը ասում է, թե հնարավոր չէ հազար դոլարով լավ մասնագետ աշխատանքի հրավիրել գործադիր մարմիններ: Մնում է միայն թվարկի, թե այդ ովքե՞ր են իր նշանակած նախարարներից, փոխնախարարներից, ծառայությունների պետերից, մարզպետերից որ ոչ թե անգամ «բարձր պրոֆեսիոնալ են», այլ գոնե ընդամենը մասնագիտորեն համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոնին: Երե՞քը: Հի՞նգը: Բա մնացա՞ծը: Թե այդ հինգի հովերով մյուս հարյուրին էլ եք որոշել «ձեռի հետ» պարգեւատրել:

Կամ ամենազավեշտալին. Նիկոլ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, թե գիտե՞ք, մարզպետների մոտ անընդհատ սոցիալապես անապահով մարդիկ են գալիս, ապրուստի փող են ուզում, դե նրանք էլ բարի մարդիկ են, չեն կարող մերժել, իրենց գրպանից են տալիս, դրա համար էլ բյուջեից իրենց փող ենք տալիս, որ կարողանան իրենց գրպանից մարդկանց օգնել: Ա՛յ քեզ բան: Հասանք… Ու սա ասում է հեղափոխություն առաջնորդած մարդը: Ու սա ասում է պետական մտածողություն ունեցող մարդը: Փաստորեն, սոցիալապես անապահով խավերի խնդիրները համակարգային, պետական մասշտաբով լուծելու փոխարեն պետք է բյուջեից փո՞ղ տանք ՔՊ-ական պետական պաշտոնյաներին, որ նրանք էլ որոշեն թե իրենց մոտ եկած եւ փող խնդրողներից «իրենց գրպանից» ում օգնեն, իսկ ում՝ ոչ: Էլ «Փարոսն» ինչների՞դ է պետք: Սոցապ կառույցները ինչների՞դ է պետք: Բարեգործական կազմակերպությունները ո՞ւմ են պետք: Հրե՛ն՝ բյուջեի փողերը վերցրեք եւ անձամբ սկսեք բաժանել անապահով խավերին: Հա, ի դեպ, ինքներդ էլ կորոշեք ով է կարիքավոր, իսկ ով՝ ոչ՝ աչքերից կպարզեք, կամ դեմքերի արտահայտություններից: Ու չմոռանաք աղաղակել սոց.ցանցերում, ձեր ղեկավարած պետական կառույցների պաշտոնական էջերում, լրատվամիջոցներում, որ այդ պարգեւավճարները ծախսել եք բարեգործություններ անելու վրա: Ոնց որ շատերն են արդեն սկսել անել՝ մարզպետներից մինչեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ՝ տաղանդավոր երգիչ ու, պարզվում է նաեւ մեծ բարեգործ՝ պետական միջոցների հաշվին:  Մանթաշովների՜ս մի տեսեք: Սա բարեգործությո՞ւն է, թե անձնական PR, այն էլ պաշտոնական դիրքի եւ պետական միջոցների չարաշահումով: Նման մտածողությամբ ինչո՞վ եք տարբերվում այն օլիգարխներից, որոնց մշտապես քննադատել եք դեռ ընդդիմադիր եղած ժամանակ, թե պետության հարկերը թերի են մուծում ու հետո այդ գումարներով նախընտրական բարեգործություններ անում: Կամ ինչո՞վ եք տարբերվում նույն նախկին հանրապետական մարզպետերից:

Ինձ ճիշտ հասկացեք, ես դեմ չեմ, որ հեղափոխականները նշանակվեն բարձր պաշտոնների, ավելին՝ դրա ջատագովն եմ: Բայց արդյո՞ք հեղափոխականին այսօրվա աղքատ Հայաստանի պայմաններում քիչ է ամսական 1000 դոլար պետական աշխատավարձը՝ իր գաղափարները կյանքի կոչելու համար: Սա ամենանուրբ, բայցեւ՝ ամենաառանցքային հարցերից է: Հեղափոխությունը ենթադրում է, որ հեղափոխականները գաղափարական մարդիկ են, ովքեր երազում են կյանքի կոչել իրենց գաղափարները, իրենց երազանքները՝ Նոր Հայաստան ունենալու համար: Ու եթե հիմա բարձր պաշտոնների տեսքով ստացել են հսկայական պետական լծակներ՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու, երկրում արդարություն, ազատություն, իրավահավասարություն, օրենքի գերակայություն, այլ բարձր արժեքներ հաստատելու համար, ու դեռ մի բան էլ իրենց համար այդ ոգեւորիչ եւ հաճելի գործունեությունը իրականացնելու դիմաց 1000 դոլարի չափ պետական աշխատավարձ են ստանում՝ ապա պետք է որ երջանկության գագաթնակետում հայտնվեին, եւ ոչ երբեք տրտնջային, թե բա 8-ի փոխարեն 12 ժամ ենք աշխատում, ու «ընդամենը» 640.000 դրամ ստանում: Այդպիսի իրական հեղափոխականներ կա՛ն, նրանք շատ են, բայց հիմնականում՝ ՔՊ-ից դուրս: Երբ «Ժառանգությունը» 2007-ին անցավ խորհրդարան՝ մեր պատգամավորները իրենց աշխատավարձի 20-30 (Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում՝ 100) տոկոսը մուտք էին անում կուսակցական բյուջե, որպեսզի հնարավոր լինի մարզերում եւս գրասենյակներ պահել եւ նաեւ տեղերում պարլամենտական վերահսկողություն ծավալել: Հիշեցնեմ, այն ժամանակ պատգամավորի աշխատավարձը 300.000 դրամի կարգի էր:

Բայց եթե հեղափոխությունը որոշ նորելուկ «հեղափոխականների» համար ընդամենը Սերժի փոխարինումն էր իրենց շեֆով, ապա եթե այժմ՝ կարճաժամկետ կտրվածքով նրանց ախորժակը գուցեեւ հնարավոր լինի հագուրդ տալ պաշտոնական հավելավճարներով եւ պարգեւավճարներով, ապա շուտով, վստահաբար, դա շատ քիչ է լինելու: Ոչ-գաղափարական, նյութապաշտ, պատեհապաշտ մարդու ախորժակը ուտելուց է գալիս: Նման մարդկանց հետաքրքրությունները եթե այսօր Չեխիայի ու Հունաստանի 4 աստղանի հանգստավայրերն են, ապա շատ շուտով նրանք կձանձրանան նման «էժան» վայելքներից, նրանց հաջորդ «հոգեւոր» պահանջը կլինի Բադեն-Բադենի 5 աստղանի սաունաները, վերջում էլ՝ Մոնտե-Կառլոի կազինոները եւ ամենաթանկարժեք թմրադեղերը: Դա արդեն տեսել ենք:

Դեռ սեպտեմբեր ամսին, ավագանու ընտրություններում Ժառանգության ջախջախիչ պարտությունից հետո Ա1+ — ում մի հեռուստաբանավեճի ընթացքում կարծիքս հայտնեցի, որ Հայաստանում իրական հեղափախական քաղաքական գործիչներին կարելի է մատների վրա հաշվել եւ որ Նիկոլ Փաշինյանը լրջագույն կադրային խնդիր է ունենալու ԱԺ-ի ընտրություններում 80 տոկոս ստանալուց հետո: Դրանից հետո եւս մեկ անգամ չէ, որ ահազանգել եմ, որ հեղափոխական եւ գաղափարական քաղաքական գործիչների մեծ մասը դուրս է մնացել պետական կառավարման համակարգից եւ որ փողոց փակած նորելուկ եւ անհայտ մոտիվացիայով “քաղաքական գործիչներով” հնարավոր չի լինելու ապահովել բազմաթիվ ոլորտների արդյունավետ կառավարում: Կադրային պակասի պրոբլեմը՝ հեղափոխականների առավել լայն (այլ ոչ թե միայն ՔՊ-ական) շրջանակների ներառման ճանապարհով  լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը էլ ավելի խորացրեց ԱԺ ընտրություններից առաջ, երբ հիմնականում զերծ մնաց իրենց ցուցակում ոչ միայն ոչ-քպ-ական քաղգործիչների, այլեւ լավ մասնագետների ներգրավվումից (մի-քանի երջանիկ բացառությունները չհաշված)՝ միայն այն պատճառով, որ «ամեն մեկն իր մասին մտածում է, որ լավագույնն է», բայց իրականում որ իրենց մասին այդ բարձր կարծիք ունեցողները պատրաստ չէին պատկերավոր ասած «հավատարմության երդում» տալ Նիկոլ Փաշինյանին, այսինքն դառնալ «կնոպկա սեղմող», Կառավարության ներկայացրած որոշումները դակող կամակատարներ: Ինչպես պարզվեց հետագայում Նարինե Մկրտչյանի խոստովանություններից, ՔՊ-ում ԱԺ պատգամավորության թեկնածուներին հավատաքննություն անցկացնելու անգամ հատուկ արարողակարգ է եղել:

Դե եթե կադրային հարցում որոշիչը եղել է ոչ թե գաղափարականությունը, հեղափոխականությունը, ազնվությունը եւ պետական կառավարման այս կամ այն ոլորտում իրական կարողություններն ու պիտանելիությունը, եւ այդ ամենի՝ տարիների ընթացքում ապացուցված լինելու հանգամանքը, այլ նախեւառաջ նեղ-թիմային պատկանելությունը, եւ ժողովուրդն էլ այդ ամենի վրա աչք է փակել՝ Նիկոլ Փաշինյանին բացարձակ եւ անվերահսկելի իշխանություն տալով, ուրեմն հիմա մի զարմացեք, որ պետական ռեսուրսները պետք է ուղղվեն նաեւ Նիկոլ Փաշինյանի շատ թիմակիցների՝ հեղափոխության ժամանակ փողոցները փակելու դիմաց վարձատրելուն եւ նրանց նյութական աճող կարիքները բավարարելուն: Հեծանիվով շրջող վարչապետ տեսա՞ք: Էլ չեք տեսնի: Պարզվեց, որ դա ոչ թե համեստության, հանրային միջոցների վրա դողալու եւ դրանք խնայելու, պարզակենցաղության ուղերձ էր սեփական թիմին՝ այլ ընդամենը ժողովրդին ուղղված նախընտրական հնարք:

Հ.Գ. Երբ նախկին իշխանությունները կտրեցին Արմեն Մարտիրոսյանի դասախոսական դրույքը Ֆիզկուլտուրայի ինստիտուտում՝ դարձնելով 50 տոկոս, Արմենը երբեք չտրտնջաց դրանից, շարունակելով պայքարել հանուն այսօրվա Հայաստանի՝ լինելով պրոֆեսիոնալ երկարամյա փորձ ունեցող քաղաքական գործիչ: Ու բոլորն են տեսել, թե ոնց էր նա պայքարում, այդ թվում թավշյա հեղափոխության ժամանակ, ի դեպ, լինելով Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ ժողովրդական հանրահավաքային պայքարի սկիզբը դնողներից մեկը դեռ 2018-ի հունվարին՝ Նիկոլի քայլից շատ առաջ: Բայց երբ արդեն հեղափոխական իշխանությունների օրոք, Նոր Հայաստանում, նրա դրույքը է՛լ ավելի կրճատեցին, դարձնելով քառորդ, այն է՝ 70.000 դրամ (տարատեսակ անգրագետ, բայց Նիկոլ Փաշինյանին խիստ հավատարիմ մարզպետների պարգեւավճարներից 10 անգամ քիչ, կամ ՊԵԿ-ի նախագահի քարտուղարուհու ստացած պարգեվավճարից 30 անգամ քիչ)՝ նա պարզապես ստիպված էր թողնել աշխատանքը՝ ի վիճակի չլինելով այդ գումարով պահել իր ընտանիքը: Այն ամենը, ինչ պետք է իմանալ հեղափոխականների տեսակների մասին:

Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ նախագահ 

Please enter a valid URL