Հարգելի´ պարոն Սանասարյան,
Ձեզ են դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երկու աշխատակիցները, որոնք արդեն երկրորդ անգամ են Ձեզ դիմում բաց նամակով (02.06.2018թ-ին http://araratnews.am/bac-namak%D5%9D-hh-petakan-verahskogh…/), մեկական անգամ էլ դիմել ենք փոստային նամակով (08.06.2018թ-ին) և ծառայության ՖԲ էջին (05.09.2018թ-ին): Ստորև գրեթե ամբողջությամբ կրկնում ենք մեր նախկին նամակների բովանդակությունը և հույս ունենք, որ այս անգամ կարձագանքեք: 2017 թվականի սեպտեմբերի 25-ից պայքարում ենք համալսարանի նախկին ռեկտորի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ապօրինությունների, չարաշահումների և կամայականությունների դեմ: Մեր պայքարի հետևանքը եղավ այն, որ 2018 թվականի մարտի 15-ին ռեկտորի և իր թիմի անօրինական որոշումներով մեզ ապօրինաբար ազատեցին աշխատանքից, բայց դատարանի որոշումներով 6 և 8 ամիս անց ամբողջությամբ վերականգնեցինք մեր ոտնահարված իրավունքները: Սահակ Մինասյանը մայիսի 18-ին նույնպես հեռացավ իր պաշտոնից, սակայն նրա գործած ապօրինությունները պետք է իրավական գնահատական ստանան, և նախկին ռեկտորը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ֆինանսական չարաշահումների համար (ստուգումները թող պարզեն, թե դրանք պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով վատնումներ, յուրացումներ, փողերի լվացումներ են եղել և այլն):
2016 թվականի հուլիսին քաղաքական որոշման հետևանքով ռեկտորի պաշտոնակատար նշանակված Սահակ Մինասյանը ժառանգեց 500 միլիոն դրամ ունեցող բյուջե, սակայն ռեկտորի` 2016-2017 ուսումնական տարվա ֆինանսական հաշվետվությունից պարզ դարձավ, որ Սահակ Մինասյանը ոչ միայն մսխել է ժառանգած 500 միլիոն դրամը, այլև իր` 2017 թվականի բյուջեի նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում, այսինքն` թույլատրելի 10 տոկոսի փոխարեն ունենք ավելի քան 20 տոկոս շեղում: Փաստորեն 2016 թվականի երկրորդ կեսի և 2017 թվականի բյուջեի նախահաշիվներով չնախատեսված ծախսեր և գնումներ են կատարվել, ինչը բուհը հասցրել է ֆինանսական աղետի: Օրինակ, չնախատեսված ծախսեր (մլն. դրամով). բուֆետների աշխատողների աշխատավարձ (-2 699), քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումներ (-14 079), դիզայներական ծառայություններ (-1 300), հիմնանորոգման և ընթացիկ նորոգման ծախսեր (-36 198), ապրանքանյութական պաշարներ (-3 670), Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (-4 500), կարկանդակի-բուլկու անօրինական արտադրամաս (http://www.asparez.am/pek-charashahum-hy/#.XEnYxNIzaAb) և այլն: Էլ չենք ասում 14 միլիոնդրամանոց դիզելային գեներատորի (գեներատորը էլեկտրաէներգիա է տալիս միայն վարչական մասին, այն էլ` շատ փոքր ծավալով), ինքնածախսածածկմամբ աշխատող բուֆետի, ֆուտզալի թիմ պահելու, ուռճացված վարչական հաստիքակազմի, ոչ անկախ ֆինանսական աուդիտների, Համաշխարհային բանկից (օրինակ` ՆՈՐԿԵՆՏ ծրագրով կատարված ապօրինությունները(https://mamul.am/am/news/138476…) ստացված գումարների մասին: Իսկ 15 տոննա ոչնչացված գրքերի մասին ամբողջ հանրապետությունը գիտի: Այդ ծախսերը պայմանավորված չեն եղել ՇՊՀ-ի կանոնադրությամբ, բուհի ռազմավարական զարգացման ծրագրով: Մեզ հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ այլ մանրամասներ կներկայացնենք:
Հարգելի´ պարոն Սանասարյան, խնդիրները շատ են: Հուսով ենք, որ հեղափոխության բովով անցած երկրում հնարավոր է անաչառ ստուգումներ իրականացնել, և Ձեր ուշադրությունը վերջապես մայրաքաղաքի բուհերից բացի կկենտրոնացնեք նաև մարզային բուհի օրհասական խնդիրների վրա:
Հարգանքով` ՇՊՀ-ի աշխատակիցներ
Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան
25.01.2019