Search
Close this search box.

Ես ինձ «քցված եմ համարում». «Tiv1.am»-ի կայքի փակումն ու երաժշտի հայտարարությունը (տեսանյութ)

«Tiv1.am» լրատվական կայքի շուրջ աղմուկը չի դադարում։ Հիշեցնենք, որ լրատվական կայքն արդեն 20 օրից ավելի է փակված է։ Այս մասին կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ կայքի աշխատակիցներին հեռացրել են աշխատանքից՝ առանց հիմնադիր կազմին ծանուցելու։

Եւ ինչպես հայտնում են կայքի աշխատակիցները՝ չնայած կայքը ամիսներ շարունակ աշխատել է՝ իրենց հետ աշխատանքային պայմանագրեր կնքված չեն եղել, բացի այդ՝ Էդգար Բաբայանը մոտ երկու ամիս աշխատավարձ չի վճարել կայքի աշխատակիցներին։ Աշխատանքային թիմի պնդմամբ՝ հնարավոր է՝ կայքի ֆինանսավորողները փորձում են պետությունից հարկեր թաքցնել, քաղաքական ուղղվածություն տալ մեդիանախաձեռնությանը եւ իրենց հետ հարմար չեն գտել աշխատել։ Մինչդեռ Էդգար Բաբայանը լրատվամիջոցների հետ զրույցում կայքի փակման այլ պատճառ էր նշել։

Երաժիշտ Վահան Նահապետյանն էլ Irakanum.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ լրատվամիջոցի խմբագիր Վարդուհի Սիմոնյանը չի վճարել իր կատարած աշխատանքի դիմաց ամբողջ գումարը։ Մասնավորապես «Tiv1.am» լրատվական կայքի շուրջ տեղի ունեցող զարգացումները մամուլում հրապարալվելուց հետո Վահան Նահապետյանը կապ է հաստատել մեզ հետ, խնդրելով բարձրաձայնել այն հանգամանքը, որ կատարած աշխատանքի դիմաց մինչեւ հիմա չի ստացել ամբողջական գումարը։ Նահապետյանը հայտնել է, որ իր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Վարդուհի Սիմոնյանը, ներկայանալով, որպես կայքի տնօրեն։

Նշենք, որ Վահան Նահապետյանը ունի տեսողության խնդիր։ Նա մեզ հետ զրույցում ներկայացրել է տեղի ունեցածը, հավելելով, որ շարունակում է պահանջել իր գումարը։

Irakanum.am-ը Վահան Նահապետյանի հայտարարությունների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Վարդուհի Սիմոնյանից։ Վերջինս հայտարարեց, որ կայքի ֆինանսական հարցերով երբեք չի զբաղվել։ «Ստեղծագործական մասով զբաղվել եմ ես, որեւէ ֆինանսական հարցով կայքում ես չեմ զբաղվել։ Եթե խնդիրը ստեղծագործական մասին է վերաբերում, ես բոլոր հարցերին պատասխանատու եմ, պատասխանում եմ, եթե ֆինանսական՝ ապա դա իմ պարտավորությունների շրջանակից դուրս է եղել»,- ասաց Սիմոնյանը։ Մեր ճշտող հարցին, թե Դուք առհասարակ չե՞ք պայմանավորվել գնի վերաբերյալ Նահապետյանի հետ, Սիմոնյանը դարձյալ կրկնեց, որ ինքը ֆինանսական միջոցներին չի տիրապետել։ Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Վ․ Նահապետյանը նման հայտարարություններ անում, Վարդուհի Սիմոնյանը պատասխանեց․ «Իսկ ես ինչ իմանամ Վահան Նահապետյանը ինչ է հայտարարում, կամ դուք ինչու եք ինձ նման հարցով անհանգստացնում»։

https://youtu.be/MJSWRl-sm-E

 

 

Please enter a valid URL