Հետաքրքիր տրամաբանություն է՝ եթե իմ նախորդը թալանչի է, և ես էլ նրան մերժել եմ, ուրեմն ես հերոս եմ և ինձ ամեն ինչ կարելի է: Կարելի է անգամ այն, ինչը չէր կարելի թալանչուն: Կարելի է հարկային բեռն ավելացնել, հարկել ռեստորանները, երգիչներին, ընտանի կենդանիներին, խոպանչիներին, կապ չունի ում՝ կարևորը բյուջեն լցնելն է: Ոչ ոք հարց չի տալիս՝ իսկ ինչո՞ւ ես բյուջեն լցնում հասարակ քաղաքացու կամ միջին բիզնեսի հաշվին, բա ո՞ւր մնաց Սաշիկի 50 տոկոսը կամ նախկին իշխանության տարած փողերը: Այդ փողերը ետ բերելու դեպքում Հայաստանը կծաղկեր մի քանի տարի, կամ էլ էապես կփակվեր մեր արտաքին պարտքը:
Եթե գողոնը ետ չես բերել, կամ՝ գողոն չի եղել, դու ստել ես՝ հավաքելու համար էժանագին դիվիդենտներ, կամ թալանը եղել է, բայց դու այնքան անճարակ ես, որ չես կարողանում վերադարձնել պետական գանձարան: Իհարկե, կա նաև երրորդ տարբերակը՝ դու կուլիսային համաձայնության ես եկել նախորդ իշխանության հետ առ այն, որ նա քեզ է փոխանցում աթոռը, փոխարենը տալիս ես երաշխիքներ, որ չես զրկի նրան իր ունեցվածքից և ֆինանսական միջոցներից:
Այս ամենի արդյունքում, այս ամենի արանքում տուժում է միայն շարքային քաղաքացին, ով հավատալով հեղափոխությանը՝ դուրս էր եկել փողոց: Որքան ժամանակն անցնում է, այնքան պարզ է դառնում, որ ընդամենը անձնագրային տվյալներն են փոխվել, էությունը մնացել է նույնը: Հանցավոր հայտարարված ռեժիմի ընդունած բոլոր օրենքները դեռևս գործում են: Գործում է նաև այդ թալանչի կոչված ռեժիմի ընդունած Սահմանադրությունը: Տույժ ու տուգանքները, վարկերն ու համատարած աղքատությունը, մայրաքաղաքի խցանումները, հասարակական տրանսպորտի բացակայությունը, աղբի առկայությունը և բազում այլ խնդիրներ մնացել են նույնը: Է՛լ ավելի են խորացել գործազրկությունն ու հուսահատությունը:
Եթե Սերժ Սարգսյանը այսքան զանգվածային կրճատումներ իրականացներ, նրան կկախեին հրապարակում: Բայց երբ Նիկոլ Փաշինյանն է դա անում՝ նրան կարելի է, ուրեմն ճիշտ է անում: Եթե ՀՀԿ-ական մարզպետները մեկ օրում երկու պարգևավճար դուրս գրեին իրենց և թիմի անունով, նրանք կհամարվեին ամենավերջին թալանչիները: Բայց երբ Փաշինյանի մարզպետներն են դա անում՝ դա արվում է ի նպաստ հայոց պետականության:
Մերժելով մանվելներին ու լիսկաներին՝ ժողովուրդը բուծեց նոր օլիգարխներ, նոր կլանային համակարգ, այս անգամ՝ Փաշինյանի մերձավոր շրջապատից, որին գումարվեցին նախկիններին ծառայած մի քանի “խոշոր գործարարներ”: Ստացվել է մի մեծ կաթսայով աջապ-սանդալ, որը ահավոր անհամ է, բայց նպատակ է դրված՝ հրամցնել քաղցած հանրությանը:
Նարե Գրիգորյան