Search
Close this search box.

Բագրատաշենի մաքսակետում անկառավարելի իրավիճակ է

Բագրատաշենի մաքսակետում անկառավարելի իրավիճակ է։ 168.am-ի տվյալներով՝ Բագրատաշենի մաքսակետում ապրանք ներկրող բեռնատարները չեզոք գոտում դատարկում են, ապրանքն անհատների միջոցով մինչև 50 կգ քաշով անցկացնում են ՀՀ տարածք՝ առանց մաքսազերծելու, ապա նորից բարձում բեռնատարները։ Սա վերաբերում է թե՛ պտուղ-բանջարեղենին, թե՛ հագուստին։

Մեզ հետ զրույցում բանան ներկրողներն ահազանգեցին, որ շուկայում անհավասար մրցակցություն է նաև մեկ այլ պատճառով. Վրաստանից ներմուծող ընկերությունները վրացական կողմից մաքսակետն անցնելիս ներկայացնում են իրական հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), չեզոք գոտում փոխում են դրանք ու հայկական մաքսավորներին ներկայացնում ավելի ցածր արժեքով հաշիվ-ապրանքագրեր, արդյունքում՝ մաքսազերծումն ավելի մատչելի գնով են իրականացնում։

168.am-ը ՊԵԿ-ից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ են, ի՞նչ քայլեր են ձեռնարկում։ Նաև խնդրել էինք տրամադրել Վրաստանի ու Հայաստանի մաքսավորներին նոյեմբերին բանան ներմուծած ընկերությունների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի պատճենները։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանել են, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները սահմանված են ՀՀ Կառավարության 30 հուլիսի 2015 թվականի N 865-Ն որոշմամբ, իսկ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման առանձին հարցերի հետ կապված՝ կարգավորումները սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 20 դեկտեմբերի 2017.թ թիվ 107 որոշմամբ։

Մեր գրությունում նկարագրված դեպքերում, ըստ ՊԵԿ-ի, եթե ապրանքները ֆիզիկական անձանց կողմից ՀՀ են ներմուծվել առանց ներմուծման մաքսատուրքերի և հարկերի, ապա դրանք չեն գերազանցել վերը նշված իրավական ակտերով սահմանված բնաիրային և արժեքային չափերը։

Առանց ներմուծման մաքսատուրքերի և հարկերի անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման համար ներկա պահին գործող բնաիրային և արժեքային չափերը (1500 եվրո, 50կգ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 1 նոյեմբերի 2018.թ թիվ 91 որոշման համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից նվազեցվել են մինչև 500 եվրո և 25կգ, որի միջոցով հսկողությունը կխստացվի։

«Այս խնդրի կապակցությամբ հսկողական աշխատանքներ են իրականացվում նաև ՊԵԿ հարկային ծառայության ստորաբաժանումների կողմից՝ առանց փաստաթղթային հիմքերի ներքին շուկայում իրացվող ապրանքները և դրանց փաստացի տերերին հայտնաբերելու ուղղությամբ»,- պատասխանել են ՊԵԿ-ից։

ՊԵԿ-ը մերժել է տրամադրել Վրաստանի ու Հայաստանի մաքսավորներին նոյեմբերին բանան ներմուծած ընկերությունների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի պատճենները՝ հիմնավորելով, որ մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացվող առևտրային փաստաթղթերը, որոնք օգտագործվում են արտաքին առևտրային և այլ գործունեության իրականացման ժամանակ, ինչպես նաև Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված գործարքների կատարումը հաստատելու նպատակով (հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ), տեխնիկական բնութագրեր, բեռնման (փաթեթավորման) թերթիկներ ու այլ փաստաթղթեր) համարվում են առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր և համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 356-րդ հոդվածի՝ ենթակա չեն մաքսային մարմինների կողմից մաքսային մարմինների գործառույթներից տարբերվող այլ նպատակներով օգտագործման կամ երրորդ անձանց տրամադրման համար (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի)։

«Հաշիվ-ապրանքագրերի փոխարինման դեպքերի վերաբերյալ մենք նույնպես ստացել ենք ահազանգեր, որոնց կապակցությամբ Վրաստանի Հանրապետության պատկան մարմիններին արվել են համապատասխան հարցումներ և արդեն իսկ ստացվել են դրանց պատասխանները։ Այդ կապակցությամբ իրականացվող աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։ Հավաստիացնում ենք, որ գործընթացը գտնվում է ՊԵԿ ուշադրության կենտրոնում»,- նշել են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Please enter a valid URL