Search
Close this search box.

Երևանի շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա հորդորեց քաղաքացիներին  ամենաանհրաժեշտ դեպքում օգտվել շտապօգնության ծառայությունից:

«Միշտ կան ավելի անհետաձգելի դեպքեր, որտեղ մարդու կյանքը վտանգված է, ու անկախ մեր բրիգադների ավելացած քանակից, լինում են պիկ ժամեր, երբ ֆիզիկապես ուղղակի չենք հասցնում այս կամ այն կանչին», — ասաց նա՝ հավելելով,  որ այս պահի դրությամբ Շտապօգնությունում աշխատում է 36 բրիգադ:

Ամանորին թունավորումներից խուսափելու համար Թագուհի Ստեփանյանը խորհուրդ տվեց չուտել երկար պահպանված սնունդ, սակայն նշեց, որ  սննդային թունավորումները վերջին շրջանում քիչ են լինում: «Հավանաբար մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել»,- ասաց Ստեփանյանը։

ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանն էլ հավելեց, որ դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն:

«Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից», — նշեց նա:

Please enter a valid URL